Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խունկ և օրհնություն հերոս զավակների անմահ հիշատակին
08.05.2022
Մայիսի 8-ի՝ Երկրապահի օրվա առթիվ և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիների անմար հիշատակի համար մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահներն ու ազատամարտիկները, զինվորականներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցեցին ոգեկոչման միջոցառման՝ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի խաչքարի մոտ:
Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի ձեռամբ և Վանաձորի հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ, ներկաները աղոթք հնչեցրին առ Աստված՝ նահատակների հոգիների խաղաղության համար, ապա ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին Շուշիի խորհրդանշական խաչքարին:
Միջոցառման մասնակիցները մարզի ղեկավարի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ապա այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոններ, ուր հանգչում են Արցախյան պատերազմում նահատակված հերոսները:
Արամ Խաչատրյանը և ներկաները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրանց սուրբ շիրիմներին: