Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկում է ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագրի 2-րդ մասը
29.04.2022
Եվրամիությունը Հայաստանի հյուսիսային մարզերում, այդ թվում՝ Լոռու մարզում, շարունակում է դրամաշնորհային ծրագրեր իրականացնել՝ միգրանտների և նրանց ընտանքիների կողմից հիմնադրած կամ ապագայում ստեղծվելիք բիզնես- գործունեության զարգացման ուղղությամբ:
Ծրագրի մանրամասներն ու մասնակցության պայմանները հերթական ծրագրի մեկնարկից առաջ մարզի վարչական շրջանների և բնակավայրերի ղեկավարներին ներկայացրեցին Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի» ծրագրերի պատասխանատու Անդրեյ Աբոյանը:
Ա. Աբոյանը տեղեկացրեց, որ բիզնեսի աջակցության ԵՄ-ի հերթական դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ներկա պահին միգրանտ կամ վերադարձած միգրանտ ՀՀ քաղաքացիները, ովքեր վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի արտագնա աշխատանքի կամ ուսման նպատակով գտնվել են ՀՀ սահմաններից դուրս: Ծրագրից օգտվելու հնարավորություն է տրվում նաև նրանց ընտանիքների անդամներին: Դրամաշնորհը ստանալու պարտադիր պայման է, որ շահառուները պետք է պատրաստ լինեն իրենց տրամադրվելիք դրամաշնորհին հավասար գումարի չափով ներդրում կատարել:
Այն անձինք, ովքեր կներկայացնեն մրցունակ ծրագրեր 2.000-10.000 եվրոյի չափով և պարտաճանաչ կմասնակցեն նախատեսվող բիզնես-դասընթացներին, հնարավորություն կստանան օգտվել ԵՄ աջակցության այս ծրագրից:
Հ. Մկրտչյանը նշեց, որ սա լավ հնարավորություն է նոր գաղափարներ կյանքի կոչելու՝ հանուն մարզի և համայնքների զարգացման և օգտագործելու միգրանտների ներուժը:
- Եվրամիությունը կրթում է միգրանտներին՝ բիզնես նախագծեր կազմելու, բիզնես պրոյեկտներ կառավարելու հարցում և վերջապես՝ աջակցում ֆինանսապես ու տեխնիկապես, - ասաց Հ. Մկրտչյանը: