Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են
28.04.2022
Ապրիլի 30-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվեց ամփոփիչ խորհրդակցություն: Ներկա էին Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների պատասխանատուներ:
Հ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ մարզի տարածքում առանձնացված են տեղամասեր, որտեղ աշխատանքներ կիրականացնեն Լոռու մարզպետարանը, համայնքապետարանները, կրթական ու առողջապահական բոլոր հիմնարկները, պետական և համայնքային նշանակության կառույցներն ու կազմակերպությունները:
-Հատկապես լուրջ ուշադրություն պետք է դարձվի զբոսաշրջային վայրերին, պատմամշակութային հուշարձանների, ճանապարհամերձ տարածքներին,-ասաց Հ. Ավետիսյանը:
Համայնքների ներկայացուցիչները զեկուցեցին, որ համալրված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, պարագաներով, համայնքները բաժանված են տարածքների, նշանակված են պատասխանատուներ: Մարզպետարանի կրթության և առողջապահության ոլորտի պատասխանատուները ևս վստահեցրին, որ համապատասխանաբար կրթական և առողջապահական հիմնարկները պատրաստ են ակտիվորեն մասնակցելու շաբաթօրյակին:
Մարզպետի տեղակալը ընդգծեց հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության ներկայացուցիչների, քաղաքացիական ակտիվ խմբերի, կամավորների մասնակցության կարևորությունը շաբաթօրյակին:
-Շատ կարևոր է, որ մենք մեր վարքագծով օրինակ ծառայենք այն մարդկանց համար, ովքեր, առանց վարանելու, աղբը ներտում են փողոցում, գետը, հանգստի գոտիներում: Անհրաժեշտ է նաև գործուն քայլեր ձեռնարկել հանրության գիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, ինչու չէ նաև՝ կիրառել տուգանքի մեխանիզմը: Սա մեր համայնքն է, մեր մարզը, մեր երկիրը և մենք պարտավոր ենք այն մաքուր պահել,-ասաց փոխմարզպետը:
Նա նաև տեղեկացրեց, որ կամավորական խմբերը, տարբեր կազմակերպություններ շաբաթօրյակի արդյունքում աղբի տեղափոխման դժվարություններ ունենալու և այլ տեխնիկական հարցերի դեպքում կարող են դիմել համայնքների պատասխանատուներին: