Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցեր Փամբակ և Թումանյան խոշորացված համայնքներ
27.04.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանի, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Մերի Դալլաքյանի ուղեկցությամբ ապրիլի 26-ին և 27-ին աշխատանքային այցերով եղել է Փամբակ և Թումանյան խոշորացված համայնքներում՝ խորհրդակցություններ անցկացնելով համայնքների ղեկավարների, բնակավայրերի վարչական ղեկավարների, ավագանու անդամների և աշխատակազմերի հետ:
Քննարկումների օրակարգային գլխավոր հարցը սեփական եկամուտների հավաքագրման գործընթացն է եղել: Մարզպետի տեղակալը հորդորել է հետևողական լինել հարկերի հավաքագրումը 100 տոկոսի հասցնելու ուղղությամբ, քանի որ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն ուղիղ համեմատական են եկամուտների հավաքագրմանը:
-Ինչպես գիտեք, սուբվենցիոն ծրագրերում համայնքը 40-50 տոկոս ներդրում է ունենում, իսկ մեր քաղաքացիների կողմից հարկերը չվճարելու դեպքում այդ ներդրումները չեն կարող արվել, հետևաբար համայնքերում ծրագրեր չեն կարող իրականացվել,-ասել է Հ. Ավետիսյանը:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքային մի շարք խնդիրների, առաջարկվել են դրանց արդյունավետ լուծման տարբերակներ:
Փոխմարզպետը և վարչությունների պետերը համայնքների ղեկավարներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին հորդորել են առավել նախաձեռնող լինել, ակտիվորեն մասնակցել տարբեր ծրագրերի, համայնքներում ակտիվացնել մշակութային կյանքը և այլն: Նրանք պատասխանել են նաև առաջադրված հարցերին: