Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարն աշխատանքային այցով Ալավերդի և Տաշիր խոշորացված համայնքներում էր
20.04.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը աշխատանքային այցով Ալավերդի և Տաշիր խոշորացված համայնքներում էր։
Ալավերդի խոշորացված համայնքում մարզի ղեկավարը այց կատարեց Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի և ԲԿ տնօրեն Ստեփան Մոսինյանի ուղեկցությամբ ծանոթացավ աշխատանքային գործընթացներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրեց բուժանձնակազմի հետ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բուժսպասարկման որակի հետ կապված հարցեր։
Մարզի ղեկավարը կարևորեց հիվանդների սպասարկման բարձր որակը և նրանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքը։
Մարզպետի այցը շարունակվեց Տաշիրի տարածաշրջանում։ Մարզի ղեկավարը եղավ Տաշիրի համայնքապետարանում, որտեղ խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի և Տաշիր խոշորացված համայնքի բնակավայրերի ղեկավարների հետ։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց սեփական եկամուտների հավաքագրմանը։
Արամ Խաչատրյանը կարևորեց հատկապես հողի հարկի, գույքահարկի, աղբահանության վճարների հավաքագրումը հարյուր տոկոսի հասցնելու անհրաժեշտությունը և նշեց, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը մեծապես կախված է համայնքներում հարկերի հավաքագրումից։
Անդրադարձ կատարվեց նաև պարարտանյութերի խնդրին։ Մարզպետը խոստացավ, որ պետական աջակցությամբ համայնքներին տրվող պարարտանյութը ամբողջությամբ բաշխված կլինի մինչև մայիսի 15-ը, և հնարավոր կլինի գյուղատնտեսական աշխատանքներն անխափան կազմակերպել։
Անդրադարձ կատարվեց նաև մարզում ապրիլի 16-ից իրականացվող պարեկային ծառայությանը։ Այս առումով մարզպետը նշեց, որ գյուղական համայնքներում խիստ կարևոր է, որ գյուղատնտեսական մեքենաները երթևեկեն պետհամարանիշերով և հորդորեց մեծ ուշադրություն դարձնել այս հանգամանքին։ Մարզի ղեկավարը սպառիչ պատասխաններ տվեց նաև բնակավայրերի ղեկավարներին մտահոգող հարցերին։
Ա․ Խաչատրյանի հաջորդ կանգառը «Տաշիր» կարի ֆաբրիկայում էր։ Այստեղ ներկայում աշխատում է 220 անձ։ Այժմ արտադրամանասն ունի պատվերներ, կարվում է դպրոցական, բանվորական արտահագուստ և կանացի հագուստներ․ արտադրությունը կազմակերպվում է անխափան։ Պատվերներն ուղարկում են ՌԴ և Եվրոպա։ Ֆաբրիկան առաջիկայում կընդլայնի իր արտադրական ծավալները։ Այժմ ֆաբրիկայի երկրորդ հարկում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, որից հետո հնարավոր կլինի գործարկել նոր արտադրամասը՝ աշխատանքի ընդունելով շուրջ 150 աշխատակցի։
Նախատեսում են նաև գործարկել բանվորական ճաշարանը։
Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Տաշիրում գործող «Ամպեր» մալուխների գործարանն էր, որն ունի շուրջ 50 աշխատակից։ Փակ բաժնետիրական ընկերությունը մալուխային արտադրանք թողարկող ժամանակակից արտադրական ձեռնարկություն է, որը հիմնվել է 2021 թվականին։ Գործունեության հիմնական ուղղությունը ալյումինից, պղնձից և ալյումինի համաձուլվածքից պատրաստված հոսանք հաղորդող ջիղերով մալուխների և մետաղալարերի թողարկումն է։ Ներկայում արտադրանքը սպառվում է ներքին շուկայում, սակայն առաջիկայում նախատեսում են ընդլայնել ծավալները, կրկնապատկել աշխատակիցների թիվը, ինչից հետո արտադրանքը կարտահանվի նաև ՌԴ և եվրոպական մի շարք երկրներ։
Աշխատանքային այցն ամփոփվեց «Տաշիր ագրո» ընկերություն այցելությամբ։ Ընկերությունը զբաղվում է տոհմային խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ։ Ներկայում ընկերությունն ունի շուրջ 430 գլուխ անասուն, որոնցից 230-ը՝ կաթնատու։ Ընկերությունում աշխատում է 14 անձ, միջին աշխատավարձը 170․000 դրամ է։
Ընկերությունը հագեցած է խելացի անասնագոմերով, առաջիկայում էլ նախատեսում է կրկնապատկել արտադրական ծավալները։
Ողջունելով գործարարների ջանքերը արտադրությունների կազմակերպման, գործունեության ընդլայնման, աշխատատեղերի ստեղծման առումով՝ մարզպետ Արամ Խաչատրյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը և անձամբ ինքը պատրաստ են կանգնելու նրանց կողքին և աջակցելու մարզի տնտեսության զարգացմանն ուղղված բոլոր գործընթացներին։