Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» թեմայով դպրոցական թեմատիկ առաջին օլիմպիադան
20.04.2022
Ապրիլի 18-ին՝ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Լոռի_Փամբակի երկրագիտական թանգարանում անցկացվեց «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» թեմայով դպրոցական թեմատիկ առաջին օլիմպիադան։ Այն կազմակերպել էր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը»՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի հետ համատեղ։
Օլիմպիադայի նպատակն էր կրթել հուշարձանաճանաչ և հուշարձանասեր սերունդ, ինչն էլ պատմամշակութային ժառանգության պահպանության գլխավոր գրավականը կլինի։
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի և մարզպետարանի այլ պաշտոնատար անձանց հետ ներկա գտնվեց օլիմպիադային։
Շնորհավորելով ներկաներին խորհրդանշական օրվա առթիվ՝ փոխմարզպետը քաջալերանքի խոսք հղեց ներկաներին․
- Լոռին հարուստ է պատմամշակութային կոթողներով ու մենք՝ որպես մարզի բնակիչներ, պարտավոր ենք հնարավորինս պահպանել մեզ փոխանցված ժառանգությունը։ Հուսով եմ, այս օլիմպիադան ոչ միայն կհարստացնի ձեր գիտելիքների շտեմարանը, այլև կամրապնդի պատմական արժեքների հանդեպ սերն ու հետաքրքրությունը,- ասաց նա։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ա․ Գրիգորյանը։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Խաչիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ կենտրոնի նպատակն է առաջիկայում օլիպիադան դարձնել ամենամյա և ընդգրկել ինչպես ՀՀ բոլոր մարզերի, այնպես էլ Արցախի դպրոցները, անդրադառնալ ՀՀ և Արցախի պատմամշակութային ժառանգությանը։
Թեմատիկ օլիմպիադային մասնակցության հայտ էր ներկայացրել մարզի 39 դպրոցի շուրջ 200 աշակերտ։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Ստեփանավանի թիվ 1 վարժարանը, երկրորդ տեղի մրցանակներին արժանացան Դարպասի միջնակարգ և Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցների թիմերը, երրորդ հորիզոնականը գրավեցին Հ. Թումանյանի անվան թիվ 3 և Պ. Սևակի անվան թիվ 30 հիմնական դպրոցները։
Լավագույն մասնակցության համար խրախուսական գովասանագիր տրվեց նաև Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի թիմին։