Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտնի են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլի հաղթողները
20.04.2022
Ապրիլի 11-ին և 18-ին Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անց է կացվել «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը։ 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների համար նախատեսված մրցույթին մասնակցում էին մարզի բոլոր տարածաշրջանների 22 դպրոցների հավաքական թիմերը:
Ապրիլի 18-ին տեղի ունեցած մրցույթին ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը և այլ պաշտոնատար անձինք։
Լարված և անզիջում պայքարից հետո 1-3-րդ դասարանցիների մրցափուլում առաջատարը Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցն է, որին միավորներով զիջեց Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցը, եռյակը եզրափակեց Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցը։
4-6-րդ դասարանցիների պայքարում հաղթող ճանաչվեց Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցը, երկրորդ տեղը գրավեց Գուգարքի հիմնական դպրոցը, երրորդ տեղը՝ Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցը։
Մարզպետարանի պաշտոնյաները պարգևատրեցին մրցույթի հաղթող մասնակիցներին։ Մարզպետի տեղակալը շնորհավորեց հաղթողներին, կոչ անելով մյուս թիմերին, չհանձնվել և մասնակցել նաև հետագայում հայտարարվող մրցույթներին։
- Սպորտը դպրոցական ծրագրում ներառված ամենակարևոր առարկաներից է։ Այն սովորեցնում է աշակերտին ոչ միայն բարձրացնել անձնական որակները՝ աշխատասիրությունը, նպատակասլացությունը և քաղաքավարությունը, այլև գնահատել թիմային ոգին, ձեռք բերել հարգանք և կարեկցանք այլ թիմի մարզիկի նկատմամբ,- նշեց փոխմարզպետը։
Սպորտլանդիայի մարզային փուլում առաջին տեղը գրաված դպրոցների թիմերը Լոռու մարզը կներկայացնեն մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլում: