Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետը Վանաձորում այցելել է Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոց և նորաբաց «ԼՈՖԹ» նորարական կենտրոն

18.04.2022

Ապրիլի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նորակառույց շինությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին, աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված պայմաններին:
Վարչապետին զեկուցվել է, որ դպրոցի նախկին շենքը 1988թ. երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային և ապամոնտաժվել: Մինչ նոր շենքի շահագործումը, ուսուցումն իրականացվել է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում:
Ապամոնտաժված դպրոցի տարածքում նոր շենքի կառուցումն իրականացվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում և համապատասխանում է միջազգային չափանիշներին ու բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայի բնակչությանը: Պատասխանատուների ներկայացմամբ, աշակերտների անվտանգ երթևեկությունը կազմակերպելու համար դպրոցին հարակից կառուցվել է նաև վերգետնյա անցում։
Ուսումնական հաստատությունը համալրվել է ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Այն նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով` 430 աշակերտի համար: Ներկայում աշակերտների թիվը 312 է: Երկհարկանի այս կառույցը (3857 քմ ընդհանուր մակերեսով) բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք միացված են սեյսմիկ կոնստրուկտիվ կարերով:
Վարչապետն այցելել է նաև Լոռու մարզային գրադարան, որտեղ բացվել է «ԼՈՖԹ» նորարական կենտրոնը: Ծրագիրն իրականացվել է «ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման» կառավարության որոշման շրջանակներում:
«ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական կենտրոնի ստեղծման ծրագիրը», պատասխանատուների ներկայացմամբ, ուղղված է մարզային գրադարանի ֆունկցիոնալ կարևորության ամրապնդմանը, գրադարանի արդիականացմանը՝ որպես մեկ միասնական մշակութային, կրթական, սոցիալական ակտիվության հարթակ:
Ծրագրի մանրամասները ներկայացնելով՝ ընդգծվել է, որ օգտագործվելու են ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կենտրոնը ծառայի մարզի և մարզկենտրոնի պատանիներին և երիտասարդներին, ամրապնդի մարզի և մայրաքաղաքի միջև կապն ու ընդլայնի միջմշակութային հնարավոր ազդեցությունները։
Աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և այլ պաշտոնատար անձինք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38