Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանն աջակցություն է ցուցաբերել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համալրման համար
12.04.2022
Ինչպես հայտնի է, Լոռու մարզի թվով 141 դպրոցներում գործում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք լրացուցիչ կրթություն են ապահովում 3 ուղղություններով՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում։ Լաբորատորիաները վերանորոգված և լիարժեքորեն կահավորված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ու սարքավորումներով։ Մարզում սարքերով համալրման կարիք ունեին միայն Վանաձորի թիվ 24 և Սպիտակի թիվ 1 դպրոցները, մինչդեռ այս խնդիրը արագ լուծում ստացավ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի նախաձեռնությամբ։
Լոռու մարզպետարանը աջակցություն է ցուցաբերել նշյալ դպրոցներին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները նոր սարքավորումներով և գույքով համալրելու և լիարժեքորեն շահագործելու համար։
Այս առիթով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Արմաթ» ինժեներական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանին, Լոռու մարզային համակարգող Եղիշե Սաֆարյանին և նշյալ դպրոցների տնօրեններին։ Իր խոսքում Ա․ Խաչատրյանը կարևորեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունն՝ ընդգծելով, որ ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրությունը և ՏՏ ոլորտի զարգացումը սկսվում է դպրոցից։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց «Արմաթի» թիմին մարզում ծավալած աշխատանքի համար և վստահեցրեց, որ Լոռու մարզպետարանը կշարունակի աջակցել այս կարևոր ծրագրի լիարժեք իրագործմանը:
Սեդրակ Վարդանյանն, իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետին ոչ միայն Վանաձորի թիվ 24 և Սպիտակի թիվ 1 դպրոցների լաբորատորիաների համալրմանն օժանդակելու, այլև «DigiCode-2022» կիրառական ծրագրավորման Լոռու մարզային պատանեկան մրցույթի կազմակերպմանն աջակցելու համար և հավելեց, որ հանրապետական փուլ են անցել նաև փոքր համայնքների երեխաներն, ովքեր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն են։
Դպրոցների տնօրենները, գոհունակության խոսքեր հղեցին՝ նշելով, որ լաբորատորիաների վերազինումը մեծ հնարավորություններ կբացի աշակերտների առջև։