Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվեցին «DigiCode- 2022» մրցույթի արդունքները
11.04.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ ապրիլի 9-ին ներկա գտնվեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված «DigiCode-2022» կիրառական ծրագրավորման Լոռու մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչ միջոցառմանը, որի կազմակերպմանն աջակցություն էր ցուցաբերել նաև Լոռու մարզպետարանը:
Արդեն 7-րդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին այս տարի մարզից ներկայացվել էր մասնակցության 218 հայտ։ Թիմերից 74-ն իրավունք էին ստացել մասնակցելու մրցույթի մարզային եզրափակիչ փուլին։
8 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին Մերուժան Բարոյանը՝ Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից («Համակարգչային խաղ», մինչև 13 տ.), Արթուր Ղազարյանը՝ Վանաձորի թիվ 24 դպրոցից («Համակարգչային խաղ», 13 տ. բարձր), Հայկուհի Գրիգորյանը՝ Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցից («Վիրտուալ լաբորատորիա», մինչև 13 տ․), Հովիկ Մարտիրոսյանը՝ Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից («Վիրտուալ լաբորատորիա», 13 տ․ բարձր), Ավետ Դունամալյանը և Հովհաննես Կարապետյանը՝ Շենավանի հիմնական դպրոցից («Python ծրագրով սարքերի ինտեգրում», մինչև 13 տ․), Խաչատուր Կուրղինյանը՝ Սարահարթի միջնակարգ դպրոցից (Python ծրագրով «Սարքերի ինտեգրում», 13տ․ բարձր)։
«Համակարգչային խաղ» անվանակարգում 13 տարեկանից բարձր տարիքային խմբում երկրորդ տեղը գրավեցին Թեղուտի միջնակարգ դպրոցից Սիմոն Նորեկյանը և Էրիկ Շախկյանը, մինչև 13 տարեկանների խմբում՝ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտներ Ռոբերտ Դոխոյանը և Վահագն Այվազյանը։
«Կրիայ» ծրագրով «Լավագույն ալգորիթմական լուծում»՝ 10-12 տարեկան, 13-15 և 16-18 տարեկան տարիքային խմբերի հաղթողները պարզ կդառնան ապրիլի 11-ին անցկացվելիք մրցույթում։
Տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին պատվոգրեր հանձնեց Հովհաննես Ավետիսյանը:
-Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս բացահայտելու մեր տաղանդավոր աշակերտներին, տալիս նրանց մոտիվացիա՝ զարգացնելու իրենց ծրագրերն ու դրանք օգտագործելու ի նպաստ մեր մարզի։ Ես, իրապես, հպարտանում եմ, հավատում, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է,֊ ասաց փոխմարզպետը։
Լոռու մարզի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համակարգող Եղիշե Սաֆարյանն իր խոսքում նշեց, որ մրցույթի հիմնական նպատակը դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, ստեղծագործական ունակությունները զարգացնելն է:
Մրցույթի մարզային փուլի հաղթողները և երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները հնարավորություն են ստացել մասնակցելու ապրիլի 23-ին կայանալիք «DigiCode-2022» հանրապետական մրցույթին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը, լավագույնները կարժանանան դրամական պարգևների։