Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արամ Խաչատրյանը Վանաձորի թիվ 5 համաբուժարանում ծանոթացավ իրականացված աշխատանքներին
07.04.2022
Վանաձորի թիվ 5 համաբուժարանում տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի ջանքերով վերջերս կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել․ բարելավվել են շենքային պայմանները, ձեռք են բերվել նոր ուլտրաձայնային և իմունաֆերմենտատիվ հետազոտությունների սարքավորումներ։ Քաղաքացիների իրազեկումն ապահովելու նպատակով շենքի ներսում տեղադրվել են նաև ժամատախտակներ և իրազեկման ցուցանակներ։
Մարզի ղեկավարը այցի շրջանակներում մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի ուղեկցությամբ շրջեց համաբուժարանում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, մասնագետներով և բժշկական սարքավորումներով հագեցվածությանը։ Մատուցվող ծառայությունների որակի մասին մարզպետն անձամբ զրուցեց համաբուժարանի շահառու քաղաքացիների հետ, վստահեցրեց, որ միասնական և համակարգված աշխատանքի արդյունքում լուծումներ են տրվելու առկա բոլոր խնդիրներին։ Համաբուժարանում ներկայում առաջնային խնդիր է ռենտգեն սարքավորման բացակայությունը։ Քաղաքացիներին ռենտգեն ծառայություն մատուցելու համար համաբուժարանը պայմանագիր է կնքել Վանաձորի թիվ 1 և 2 համաբուժարանների հետ։
Մարզի ղեկավարը և ոլորտի պատասխանատուն վստահեցրին, որ նախարարությունն իրազեկված է խնդրի մասին, և արվում է հնարավորը օր առաջ հարցին լուծում տալու համար։