Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են աղետի գոտու հիմնախնդիրները
06.04.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ապրիլի 5-ին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը, որը վերաբերել է աղետի գոտու հիմնախնդիրներին։ Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ղեկավարներ, մարզպետներ, համայնքապետեր։
Ներկայացնելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի իրականացման արդյունքները՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր շահառու է ճանաչվել ՀՀ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի բնակավայրերի 5419 ընտանիք, որոնցից 5391-ի բնակարանային խնդիրը նշված պետական աջակցության ծրագրի շրջանակում լուծվել է։
Քննարկման ընթացքում ներկայացվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցված և բաշխված բնակֆոնդի չսեփականաշնորհված բնակարանների հետագա տնօրինման հարցը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել երկրաշարժից հետո տեղադրված/կառուցված ոչ հիմնական շինությունների հիմնախնդրին։
Նշենք, որ վերջին հարցը ներառված է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրում․ մասնավորապես՝ 2021-2022թթ. նախատեսվում է խնդրի կանոնակարգման իրավական հիմքերի ստեղծում, իսկ 2023 թվականից՝ բուն ծրագրերի իրականացում` Կառավարության կողմից սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն: