Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը կարևորեց «Մայ Ֆորեսթ Արմենիայի» կողմից իրականացվող ծրագրերի բնապահապանական,տնտեսական և սոցիալական ազդեցությունները մարզում
29.03.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր «Մայ Ֆորեսթ Արմենիա» բնապահպանական հկ հիմնադիր Անտրէ Գումուշճեանին, կազմակերպության գործառնական ղեկավար Վահե Մարտիրոսյանին, ավագ գիտաշխատող Տարոն Ալեքսանյանին և հաղորդակցության պատասխանատու Սաթենիկ Ասիլյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը և բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Խառատյանը։
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ հյուրերը ամփոփ կերպով ներկայացրեցին «Մայ Ֆորեսթ Արմենիայի» կողմից՝ հիմնադրման օրից ի վեր՝ 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
Անտրէ Գումուշճեանը նշեց, որ կազմակերպության նպատակն է վերականգնել Հայաստանի անտառային ծածկույթը՝ կատարելով մեծածավալ անտառհիմնման և անտառվերականգնման աշխատանքներ՝ սկսած սերմերի աճեցումից, մինչև՝ անտառների հիմնում, պահպանում։ Կազմակերպությունը մինչ օրս իրականացրել է 140 հեկտար տարածքի անտառապատում՝ տնկելով ու խնամելով ավելի քան 385 հազար ծառ Լոռու և Տավուշի մարզում՝ առյուծի բաժին հատկացնելով Լոռու մարզին։
Մեր մարզում կազմակերպությունը անտառապատման աշխատանքներ է իրականացնում առայժմ Ջրաշեն և Շիրակամուտ համայնքների տարածքներում՝ նպատակ ունենալով առաջիկայում ընդլայնել աշխարհագրությունը։ Գուգարքում և Դեբետում հիմնել են տնկարաններ, իսկ այս տարի նախատեսում են գործարկել նաև ջերմոց Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տարածքում։
Ինչպես տեղեկացվեց, եղանակները փոքր-ինչ տաքանալուն պես՝ ևս շուրջ 20 հեկտար՝ Շիրակամուտի, և 40-50 հեկտար՝ Ջրաշենի տարածքում անտառատնկման աշխատանքներ են նախատեսում իրականացնել։
-Մեր կազմակերպությունը երկրի համար ռազմավարական նշանակության, երկարաժամկետ բնապահպանական ծրագրեր է իրականացնում, որոնք իրենց հերթին շղթայական կերպով ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական մեծ ազդեցություն են ունենում,- ասացին կազմակերպության պատասխանատուները՝ նշելով, որ բնապահպանական խնդիրներից զատ՝ տարածաշրջանի բնակիչների զբաղվածության հարցն է լուծվում, նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանը։
Մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց «Մայ Ֆորեսթ Արմենիայի» ներկայացուցիչներին մարզում իրականացված աշխատանքների և առաջիկա ծրագրերի համար․
-Անձամբ ես և մեր մասնագետները պատրաստ ենք այսուհետ ևս աջակցելու ձեզ՝ ողջունելի նախաձեռնություններում։ Մենք կարևորում ենք ծրագրերի՝ ինչպես բնապահպանական, այնպես էլ՝ տնտեսական և սոցիալական ազդեցությունները մեր մարզում,-ասաց մարզի ղեկավարը։
Նա պատրաստակամություն հայտնեց առաջիկայում այցելելու տնկարաններ, անտառապատված տարածքներ՝ տեղում ծանոթանալու կազմակերպության գործունեությանը։