Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ժողովրդական քաղաքացիության ուսուցում․ առաջին անգամ ընտրող» ծրագրի մասնակիցները հանդիպեցին Լոռու մարզպետի հետ
18.03.2022
«Ժողովրդական քաղաքացիության ուսուցում․ առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մասնակիցներին այսօր հյուրընկալեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Նրանք Վանաձորի թիվ 5, 10, 11 և Գուգարքի ավագ դպրոցների սաներն էին, ովքեր, հաղթելով ներդպրոցական ընտրություններում, հնարավորություն են ստացել ընդգրկվելու ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներում և միջոցառումներում։
Հանդիպմանը մասնակցում էին նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը և նշված ծրագրի փորձագետ, Լոռու մարզային համակարգող Նաիրա Բարիկյանը։
Ողջունելով աշակերտներին՝ մարզպետ Արամ Խաչատրյանը կարևորեց աշակերտների մասնակցությունը ամենատարբեր կրթական ծրագրերին և նշեց, որ պետք է միշտ ակտիվ և նախաձեռնող լինել։
- Յուրաքանչյուրիդ ձայնը կարևոր է, դուք եք մեր ապագան, մենք միշտ ձեր աջակցության կարիքն ունենք։ Պետք է միասին շենացնենք, պաշտպանենք ու պահպանենք մեր տունը՝ մեր հայրենիքը,- ասաց Ա․ Խաչատրյանը։
Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հարցերն ուղղեցին մարզպետին՝ կրթության, երիտասարդության, քաղաքական և ընտրական գործընթացների, համայնքների զարգացման, աղբահանության, քաղաքի արտաքին տեքսի վերաբերյալ և ստացան սպառիչ պատասխաններ։
Իրազեկման ծրագիրն իրականացնում է «Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը»՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: Նպատակն է երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների վերաբերյալ: