Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի թիվ 1 համաբուժարանում ժամանակակից ռենտգեն սարք է գործարկվել
16.03.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր Վանաձորի թիվ 1 համաբուժարանում ներկա գտնվեցին նոր ռենտգեն կաբինետի բացման և ռենտգեն սարքի գործարկման արարողությանը։
Ներկա էին նաև «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Լոռու մարզպետարանի մի խումբ պատասախանատու պաշտոնյաներ։
Թվային ժամանակակից ռենտգեն սարքը համաբուժարանին է հատկացրել առողջապահության նախարարությունը՝ բնակչության որակյալ և արդյունավետ սպասարկումն ապահովելու նպատակով։
- Նպատակ ունենք աստիճանաբար վերազինելու համաբուժարանները, որպեսզի վերջիններս լիարժեքորեն կարողանան սպասարկել բնակչության կարիքները,- ասաց Ա․ Ավանեսյանը և ավելացրեց, որ առաջիկայում ևս մեկ նման սարքավորում կնվիրաբերվի Վանաձորի թիվ 3 համաբուժարանին։
Լոռու մարզպետը շնորհակալություն հայտնեց առողջապահության նախարարությանն աջակցության համար՝ կարևորելով նոր ռենտգեն սարքի գործարկման անհրաժեշտությունը մեծ թվով բնակչություն սպասարկող համաբուժարանի համար։
Արամ Խաչատրյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլոր ներդրողներին մարզի բուժհաստատությունները վերազինելու համար։
- Հույս ունենք՝ ծրագրերը շարունակական կլինեն, և առաջիկայում կունենանք առողջության պահպանության առաջնային օղակի զարգացման լուրջ գործընթաց։ Վստահ եմ, որ ռենտգեն կաբինետը կծառայի իր նպատակին՝ մատուցելով որակյալ ախտորոշիչ ծառայություն, - ասաց մարզի ղեկավարը։