Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը շնորհավորեց «Լավագույն ուսանող-2021» հանրապետական մրցույթի հաղթողներին
07.03.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 7-ին հյուրընկալել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող-2021» մրցույթում հաղթող ճանաչված 3 լոռեցի ուսանողներին` Անահիտ Ազարյանին, Նարեկ Հովհաննիսյանին և Անժելա Ազարյանին։
Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ազարյանը «Լավագույն ուսանող-2021» հանրապետական մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով հայագիտության ոլորտում զբաղեցրել է 1-ին տեղը։ Մագիստրոսի կրթական ծրագրով բնագիտական ոլորտում 2-րդ տեղը նվաճել է ՎՊՀ-ի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Հովհաննիսյանը, իսկ հասարակագիտության ոլորտում պատվավոր 2-րդ տեղը գրավել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Անժելա Աշոտի Ազարյանը։
Շնորհավորելով ուսանողներին կարևոր ձեռքբերման կապակցությամբ՝ Լոռու մարզպետն ընդգծեց, որ հարկավոր է նույն եռանդով և ոգով շարունակել սովորել՝ օրինակ ծառայելով նաև մյուսների համար։
- Մենք գիտությամբ պիտի զարգացնենք մեր երկիրը, ներկայանանք աշխարհին և հաղթանակներ գրանցենք։ Շնորհակալ եմ ձեզ և ձեր ծնողներին։ Շարունակեք սովորել նույն ջանասիրությամբ և նվիրումով, -ասաց Արամ Խաչատրյանը։
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը ևս շնորհավորեց ուսանողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և վերելքներ ուսման մեջ և կյանքում։
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության, գնահատանքի և ջերմ խոսքերի համար՝ երիտասարդները նշեցին, որ ուսմանը զուգահեռ աշխատում են, կատարելագործվում և իրենց ապագան միմիայն հայրենի քաղաքում են տեսնում։