Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ Վանաձորում
18.02.2022
Վանաձորի «Հայփոստի» մասնաշենքում հանդիսավորությամբ բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը՝ Քաղաքացիական կենտրոնը։
Վանաձորում ևս, իրականություն է դառնում «Բազմաթիվ ծառայություններ՝ մեկ վայրում» նախաձեռնությունը։ Բնակիչներն այլևս անհրաժեշտություն չեն ունենա մի պետական կառույցից մյուսը գնալ, եթե գործ ունեն դրանցից մի քանիսի հետ:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում գլխավորությամբ տեղի է ունեցել այս մեծ նախագծի նոր փուլի գործարկումը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանը , փոխմարզպետ Գոռ Ասրյանը, այլ պաշտոնատար անձիք։ Նրանք շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայություններին։
Քաղաքացիական կենտրոնը Լոռու մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ բազմաթիվ ծառայություններ՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Ազգային արխիվի, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում։
Այս նոր մոդելը միտված է քաղաքացու գործը հեշտացնելուն և որ շատ կարևոր է՝ ուղղված է կոռուպցիոն ռիսկերի դեմ, երբ դիմում ընդունող ու մասնագիտական խորհրդատվություն տրամադրող ծառայողները պետք է բացարձակ անկախ ու տարանջատված լինեն որոշում կայացնողներից:
Քաղաքացիական կենտրոններում այս պահին ներկայացված է 110 ծառայություն: Ծրագրվում է հետագայում լրացնել ցանկը:
ՀՀ արդարադատության նախարարությունը «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ իր ենթակառուցվածքով գրեթե ամենատարածվածն է ՀՀ տարածքում, ունի մոտավորապես 850 տարածքային բաժանմունք, որոնց միջոցով հնարավոր կլինի ամբողջությամբ ապահովել հասանելիությունը բոլոր բնակավայրերի համար:
ՀՀ արդարադատության նախարարության և «ՀայՓոստ» ընկերության համագործակցության ամրապնդման նպատակով կողմերի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Լրատվամիջոցներին տրված հարցազրույցում մարզի ղեկավարը նշեց, որ քայլառքայլ, պետության կողմից որդեգրված քաղաքականությանը համահունչ, կյանքի են կոչվում քաղաքացիների առօրյան, հոգսերն ավելի թեթևացնելուն ուղղված կարևոր ծրագրեր։
-Մեզ համար շատ կարևոր է նաև, որ հընթացս, ըստ անհրաժեշտության, նոր աշխատատեղեր բացվելու հնարավորություն ևս կընձեռվի,-ասաց Ա․ Խաչատրյանը։