Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը` ԵՄ ֆինանսավորմամբ անասնակեր և թռչնակեր է տրամադրել Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո բնակավայրերի 67 ընտանիքների

17.02.2022

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Եվրոպական միության ֆինանսավորմամբ շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Հայաստանի գյուղական բնակավայրերի խոցելի խմբերին, որոնք տուժել են COVID-19 համավարակից։ Այս անգամ Լոռու մարզի Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո բնակավայրերի 67 ընտանիքների տրամադրվել է անասունների և թռչունների համար խոտ և համակցված կեր։
Այս աջակցությունն իրականացվել է ՊԳԿ-ի՝ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար ընթացիկ համավարակի պատճառած հետևանքների մեղմացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում։ Այս ընտանիքներին նախկինում անասուններ և թռչուններ էին տրվել ՊԳԿ-ի «Նպաստ+» ծրագրի շրջանակում։
Գյուլագարակ խոշորացված համայնքում աջակցության բաշխմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, Գյուլագարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանը և ուրիշներ։
Մինչ այցելությունը ծրագրի շահառու ընտանիքներ, խորհրդակցություն անցկացվեց համայնքապետարանում՝ ծրագրի արդյունքները քննարկելու և հետագա քայլերը նախանշելու նպատակով։
Փոխնախարարն իր խոսքում կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը ՀՀ մարզերում՝ ընդգծելով հատկապես դրանց՝ ընտանիքների համար ոչ միայն որոշակի բարեկեցություն, այլև զարգացում ապահովող բաղադրիչը։
Գոռ Ասրյան, ողջունելով ներկաներին, իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն հայտնեց ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցություն կշարունակվի։
«Ըստ ՊԳԿ-ի՝ աղքատությունն ու պարենային անապահովությունը սերտորեն փոխկապակցված են, և մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին՝ հաղթահարելու դրանք։ Պարենային անվտանգությունը ոչ միայն սննդի առկայությունն է, այլև բոլորի համար առողջ սննդի հնարավորության ապահովումը` չանտեսելով ոչ մեկին, մասնավորապես Լոռու և Տավուշի մարզերում», -իր խոսքում նշեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։
Միջոցառմանը ներկա գտնվող ընտանիքներն ու ֆերմերներն իրենց գոհունակությունը հայտնեցին ցուցաբերված աջակցությունից՝ նշելով, որ այն մեծ նշանակություն է ունեցել կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված դժվարությունների պայմաններում։
Այս նախաձեռնությունը «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (EU LEAD4Lori and Tavush Regions) ծրագրի բաղադրիչներից է։ Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Ծրագիրն օգնում է Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանն ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38