Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառում՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին և ՌԴ դիվանագիտական աշխատողի օրվան
09.02.2022
Այս տարի նշվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, իսկ փետրվարի 10-ը Ռուսաստանի Դաշնությունում տոնվում է՝ որպես Դիվանագիտական աշխատողի օր։ Այս կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Պուշկինի լեռնանցքի աղբյուր-հուշարձանի մոտ։
Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանեվը, պատասխանատու պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և հյուրեր:
Միջոցառումը մեկնարկեց ՀՀ և ՌԴ օրհներգների ներքո։ Ռ․ Կանդաուրովն իր ողջույնի խոսքում նշեց, որ չափազանց ուրախ է ՀՀ-ում իր դիվանագիտական ծառայությունն անցկացնելու համար։ Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին ցուցաբերած վերաբերմունքի համար՝ կարևորելով եղբայրական ժողովրդի հետ դիվանագիտական հարաբերությունների հետևողական զարգացումը։
Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն իր և Լոռու մարզպետի անունից շնորհավորեց դեսպանության անձնակազմին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ իր խոսքում կարևորելով հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները․
- Այս տարի մենք համատեղ նշում ենք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը մեր՝ հայ ժողովրդիս, վստահ եմ նաև եղբայրական Ռուսաստանի համար, մեծ կարևորություն ունի։ Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների բարեկամությունը և գործընկերությունը, որը եկել է դարերի խորքից, կշարունակվի դեռևս շատ դարեր,- մասնավորապես նշեց Գ․ Ասրյանը։
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս նշանավոր բանաստեղծ և դիվանագետ Ա.Ս. Գրիբոյեդովի հուշարձանին։