Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանի և «Հույս Հայաստանի համար» կազմակերպության համագործակցությունը կնշանավորվի նոր ծրագրերի իրականացմամբ
03.02.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» մարդասիրական ասոցիացիայի նախագահ Սերժ Քուրքդջյանին, կազմակերպության քարտուղար Ֆրանկ Գարաբեդյանին և կազմակերպության հայաստանյան գործընկեր Սարգիս Մարկոսյանին: Ողջունելով հյուրերին՝ մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց ասոցացիայի ներկայացուցիչներին մարզին շարունակաբար աջակցելու համար:
-Ֆրանսիան մեզ՝ հայերիս համար շատ հոգեհարազատ երկիր է։ Մենք պատրաստակամ ենք շարունակել գործակցել Ձեզ հետ տարբեր ծրագրերի շուրջ և աջակցել իրականացվող աշխատանքներին,-ասաց նա։
Հյուրերը ներկայացրեցին անցած տարիներին կազմակերպության կատարած աշխատանքները, ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, քննարկվեցին նաև հետագա անելիքները։ Մասնավորապես խոսվեց Սպիտակ համայնքի թիվ 2 դպրոցի հետ սերտ համագործակցության մասին, որտեղ դպրոցական ծրագրով ներառվել է ֆրանսերենի ուսուցումը, վերանորոգվել է մարզադահլիճը, զինվել նոր մարզասարքերով։ Կազմակերպության ջանքերով Ստեփանավան համայնքում արդեն մոտ 20 տարի գործում է բարեգործական ճաշարան, որն այժմ վերանորոգվում է և իր դռները կբացի հուլիս ամսին։ Վերջերս իրականացված ծրագրի շրջանակում Լոռու մարզում կացարան չունեցող անապահով մեկ ընտանիքի համար բնակարան է կառուցվել։ Նախատեսում են կառուցել նաև երկրորդը, և այս ծրագիրը ևս շարունակական դարձնել։ Երկուստեք առաջարկներ եղան նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո մարզում ապաստան գտած արցախցիների կեցության պայմանները բարելավելու վերաբերյալ: Նախաձեռնություն կա իրականացնելու կրթական, վերաբնակեցման և աշխատանքի տեղավորման ծրագրեր: Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց ձևավորելու աշխատանքային խումբ, որը հետևողականորեն կզբաղվի այդ ծրագրերի իրականացմամբ։