Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ Փա՛ռք քեզ, հա՛յ զինվոր
31.01.2022
Հայոց հզո՛ր ու անպա՛րտ բանակն այսօր տոնում է իր 30-ամյա տարեդարձը:
Այս տոնական օրվա առթիվ, որը միաժամանակ մեր հայոց քաջերին, մեր ընկած հերոսներին ուղղված մեծարանքի, նվիրումի ու խոնարհումի արտահայտման օր է, մի շարք միջոցառումներ են կազմակերպվել մարզի բոլոր համայնքներում:
Մարզկենտրոն Վանաձորում միջոցառումները մեկներկել են վաղ առավոտյան: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում հնչել է Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզային և Վանաձորի քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների, զինվորականության ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
Թեմի առաջնորդը հզորություն է մաղթել հայոց բանակին, բազկի ամրություն և ուժ՝ հայոց մարտիկներին ու խաղաղություն հայոց աշխարհին՝ Հայաստանի Հանրապետությանը:
-Թող Աստծո աջը հովանի լինի մեզ:
Այնուհետ ներկաներն այցելել և ծաղիկների են խոնարհել ՀՀ և Արցախի Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Այցելություն է կատարվել նաև Վանաձորի Պանթեոն: Ներկաները ծաղիկներ են խոնարհել արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված վանաձորցի զինծառայողների շիրիմներին:
Ընկած հերոսների հիշատակի համար հարգանքի տուրք է մատուցվել Վանաձորի Տարոն-2 թաղամասում գտնվող «Հերոսների պուրակում» նույնպես:
Հայկական բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ Վանաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ:
Համերգն սկսվեց ՀՀ հիմնով, ապա ներկաները լռությամբ հարգեցին իրենց կյանքի գնով հայրենիքի սահմանները պահած զինվորների հիշատակը և տերունական աղոթք շշնջացին:
Իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ մաղթելով ուժ ու կարողություն հայ զինվորի բազկին, անսասանություն՝ հայրենի սահմաններին:
Ներկաներին տոնի կապակցությամբ շնորհավորեց Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց սահմանին կանգնած զինվորներին՝ ընդգծելով, որ կարևոր է լինել միասնական և բանակի կողքին:
Շնորհավորանքի խոսք հղեց և հայոց բանակի քաջերին զորակցություն հայտնեց նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը:
Երաժշտական կատարումներով հանդես եկան Վանաձորի համայնքապետարանի կամերային նվագախումբը, կամերային երգչախումբը, ՎՊՀ-ի «Բիայնա» երգչախումբը, Վանաձորի երիտասարդական փողային նվագախումբը, սիրված արտիստներ և անհատ կատարողներ: