Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներդրումային շրջանառու հիմնադրամները կշարունակեն գործել մարզի բնակավայրերում
20.01.2022
«Խազեր» ՀԿ-ն ՄԱԶԾ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցությամբ դեռևս նախորդ տարի Լոռու մարզի 6 համայնքում նախաձեռնել էր ներդրումային շրջանառու հիմնադրամների ստեղծումը:
Հիմնադրամը նորարարական ֆինանսական մեխանիզմ է, որը համայնքներին օգնում է ունենալ շրջանառու միջոցներ՝ առավել անկաշկանդ կերպով ծրագրեր իրագործելու էներգախնայողության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Ներդրվող միջոցներն օգտագործվում են էկոլոգիական խնդիրներ լուծելու համար և որոշ ժամանակ անց վերադարձվում են հիմնադրամին՝ շարունակական կարգով համայնքներում այլ ծրագրեր իրականացնելու նպատակով:
Նախորդ տարի Լոռու մարզի Արևաշող, Լուսաղբյուր, Ճոճկան, Վարդաբլուր, Լեռնավան, Մեծ Պարնի համայնքներում հիմնադրամների միջոցներով կառուցվել են ֆոտովոլտային արևային կայաններ: Արևաշող, Լուսաղբյուր, Ճոճկան համայնքներում կայանները տեղադրվել են սուբվենցիոն միջոցներով, ներդրումը համայնքների փոխարեն կատարել են հիմնադրամները:
Այժմ նշված բնակավայրերն ընդգրկվել են խոշորացված համայնքների կազմում, հետևաբար հիմնադրամների գործունեության իրավական կարգավիճակի հետ կապված խնդիրներ են առաջանում:
Հարցի կարգավորման նպատակով այսօր քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում, որին ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Մհեր Խեչումյանը, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի համակարգող խորհրդի անդամներ և փորձագետներ Մասիս Սարգսյանը և Սարգիս Մարկոսյանը, ՄԱԶԾ ԳԷՀ ՓԴԾ-ի նախագծի իրականացնող, «Խազեր» ՀԿ-ի գլխավոր փորձագետ Արամ Գաբրիելյանը, համայնքների ղեկավարներ և ՏԻՄ ներկայացուցիչներ:
Փոխմարզպետ Գոռ Ասրյանը կարևորեց հիմնադրամի գործունեությունը և հույս հայտնեց, որ 6 համայնքների օրինակը կիրառելի կլինի մյուս բնակավայրերի համար: Քննարկումների արդյունքում կարևորվեց այն, որ խոշորացվող բնակավայրերի պարագայում իրավահաջորդ հանդիսանա խոշորացված համայնքը:
Ներկաներն իրենց խոսքում ընդգծեցին նշված բնակավայրերի հաջողված փորձի ընդօրինակումը նաև մյուս համայնքներում, եթե ցանկանում են էներգախնայող համակարգի, ջերմամեկուսացման կամ ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված խնդիրեր լուծել իրենց բնակավայրերում:
ՄԱԶԾ ԳԷՀ ՓԴԾ-ի փորձագետները նշեցին, որ իրենք բաց են համայնքների հետ համագործակցության համար, պատրաստ են խորհրդատվություն տրամադրել, որպեսզի իրագործվող ծրագրերն արդյունավետ ընթացք ունենան, և ներդրումներն արդարացված լինեն: