Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օձուն և Տաշիր համայնքների դպրոցականները կտիրապետեն ավիամոդելավորման հմտությունների
14.01.2022
«Իգոր Մուրադյանի քաղաքական և գիտական ժառանգության» հիմնադրամը ձեռնամուխ է եղել այս տարվանից Լոռու մարզի Օձուն և Տաշիր համայնքերում ներդնելու ինժեներական խմբակների ուսումնական ծրագրեր՝ շուրջ 450 երեխայի ուսուցանելով կոնստրուկտորական հմտություններ, տեխնիկական խնդիրների ինքնուրույն հայտնաբերման ունակություններ, սովորեցնելով կազմել մոդելների (արագընթաց, պիլոտաժային, օդային մարտ, ազատ թռչող)նախագծման և կառուցման անհատական նախագծեր:
Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը կհամագործակցի Լոռու մարզպետարանի հետ, և այդ նպատակով այսօր հուշագիր կնքվեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և հիմնադրամի տնօրեն Ռաֆիկ Հովակիմյանի միջև:
Հուշագրի համաձայն, Լոռու մարզպետարանը նշված համայնքներում ինժեներական խմբակների ուսումնական ծրագրերի ներդրման, իրականացման հարցում հիմնադրամին կաջակցի մինչև մինչև 2027թ. ապրիլ ամիս:
Ողջունելով հիմնադրամի նախաձեռնությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանը նշեց, որ Լոռու մարզում ակտիվ ծրագրեր են իրականացվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, պատանիների և աղջիկների շրջանում նոր հմտություններ զարգացնելու ուղղությամբ ու նոր նախաձեռնության իրագործումը կգա համալրելու և ամբողջացնելու իրականացվող ծրագրերը:
-Հուսով եմ, որ այս ծրագրով հիմնադրամը լրացուցիչ բովանդակություն կապահովի Տաշիր և Օձուն համայնքների դպրոցականների համար, իսկ հետագայում լավագույն փորձը կարող ենք տարածել մարզի այլ համայնքերում ևս,-ասաց Ա. Խաչատրյանը:
Ռ. Հովակիմյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար, ընդգծեց մատաղ սերնդին ավիակոնստրուկտորային հմտություններ դասավանդելու կարևորությունը, այդ համատեքստում նաև ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը:
-Ինժեներական խմբակների ուսումնական ծրագրերի ներդրման նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, ակտիվացնել և ընդլայնել նրանց ճանաչողական գործունեությունը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ,-ասաց Ռ. Հովակիմյանը՝ միաժամանակ նշելով, որ ծրագրի իրականացման ընթացքում երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով կծանոթանան գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային: