Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երազանքները՝ դեպի երկինք․ մարզպետարանի աշխատակիցներն այցելեցին «Սաբինե» փոքր խմբով տուն
30.12.2021
Այսօր Վանաձորում գործող «Սաբինե» փոքր խմբով տանը ամանորյա տոնական տրամադրություն էր տիրում։ Կենտրոնն ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն է մատուցում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար:
Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ երեխաներին ուրախ տրամադրություն փոխանցելու էին գնացել Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները, «Ուրախ արագիլ» կազմակերպության մուլտհերոսները:
Մարզի ղեկավար Արամ Խաչատրյանի անունից երեխաներին շնորհավորեց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը՝ մաղթելով նրանց սեր, անհոգություն և անսպառ ժպիտներ: Ի. Մարտիրոսյանը նաև շնորհակալություն հայտնեց կառույցի աշխատակազմին երեխաների նկատմամբ հոգատար և ջերմ վերաբերմունքի համար:
Տոնական միջոցառման ընթացքում փոքրիկները շուրջպար բռնեցին, ապա անձամբ Ձմեռ պապիկից ստացան իրենց նվերները: Նրանք նաև փուչիկների հետ իրենց երազանքները երկինք ուղարկեցին՝ իրականացած տեսնելու մեծ ակնկալիքով։