Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պարգևատրեց ազատ ոճի ըմբշամարտիկերին
15.12.2021
Իրանի Իսլամական հանրապետության մայրաքաղաք Թեհրանում վերջերս կայացած բանակայինների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությունում հաղթական գոտեմարտեր են մղել և մրցանակային տեղերի արժանացել վանաձորցի մարզիկները:
Նրանց ու մարզիչներին այսօր ընդունեց և շնորհակալագրերով պարգևատրեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Խրախուսանքի արժանացան մարզիչներ Ժորա Հովհաննիսյանը, Ժիրայր Հովհաննիսյանը, բանակայինների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությունում ՀՀ հավաքականի կազմում Լոռին ներկայացրած պատանի ըմբիշներ Մհեր Մարկոսյանը (արծաթե մեդալակիր), Մենուա Յարիբեկյանը և Հովհաննես Մխիթարյանը (բրոնզե մեդալակիրներ):
Մարզպետը շնորհավորեց նրանց և ընդգծեց, որ այս հաղթանակը լուրջ ձեռքբերում է մարզի համար, հարկավոր է չթուլանալ և հաջորդ անգամ գնալ առավել մեծ բարձունքների հետևից: Արամ Խաչատրյանը հատուկ շնորհակալություն հայտնեց վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյանին աշխարհի առաջնությունում մրցանակակիր սաներ պատրաստելու անձնվեր գործի, Ժիրայր Հովհաննիսյանին՝ նվիրյալ աշխատանքի և Լոռու ըմբշամարտի ֆեդերացիայի ակտիվ գործունեության համար, նշելով, որ մարզպետարանը, ֆեդերացիային կաջակցի իր հնարավորությունների շրջանակներում:
Ըմբշամարտիկները ևս երախտքի խոսքեր ուղղեցին մարզպետ Արամ Խաչատրյանին իրենց ջանքերը արժեվորելու և գնահատելու համար:
Հանդիպմանը ներկա Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը նույնպես շնորհավորանքի խոսքեր հղեցին մարզիկներին և մարզիչներին: