Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթում առաջին 3 մրցանակայի տեղերը նվաճել է Լոռու մարզը
29.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» հիմնարկի աջակցությամբ անցկացված «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթում, ինչպես հայտնի է, առաջին 3 մրցանակայի տեղերը նվաճել է Լոռու մարզը:
Մրցութային հանձնաժողովի գնահատման հիման վրա հաղթող են ճանաչվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցը (տնօրեն՝ Հեղինե Կոստանյան), Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոցը (տնօրեն՝ Նաիրա Հարությունյան) և Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան N 2 հիմնական դպրոցը (տնօրեն՝ Սուսաննա Նազարյան)։
Դպրոցների մրցանակաբաշխությունն անկացվեց Վանաձորի թիվ 3 դպրոցում:
Մրցույթի կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց և մարզից լավագույնը ճանաչված դպրոցներին շնորհավորեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը:
Մրցանակակիրներին շնորհավորանքի խոսք հղեց նաև ԴՍԵԲ-ի գործադիր տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը: Նա իր խոսքում նշեց, որ դպրոցական այգիները հիանալի գործիքներ են դպրոցները, ծնողներին և համայնքները կապելու և առանցքային դեր են կատարում դպրոցներին թարմ բանջարեղենով և մրգերով ապահովելու հարցում.
-Այս նախաձեռնության նպատակն է գովաբանել յուրաքանչյուր դպրոցի ներդրումն ու ընդգծել վերջին 6 ամիսների ընթացքում նրանց ձեռքբերումները,-ասաց Ս. Մկրտչյանը:
Դպրոցների պատասխանատուները նշեցին, որ մեծ սիրով են մասնակցել մրցույթին՝ ներգրավելով թե՛ աշակերտներին և թե՛ աշխատակազմը. սա ոչ միայն կարևոր, այլև խիստ հաճելի գործընթաց է եղել բոլորի համար:
Դպրոցները շնորհանդեսների միջոցով հնարավորություն ունեցան ներկայացնելու այգիների ստեղծման աշխատանքները: Հյուրերին ցուցադրեցին նաև այգիների բերքն ու բարիքը:
Հարկ է նշել, որ առաջին տեղ զբաղեցրած դպրոցն արժանացել է 3000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի, երկրորդ տեղ զբաղեցրած դպրոցը՝ չորանոցի, իսկ երրորդ տեղ գրաված դպրոցը՝ սառցարանի։