Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օմսկի մարզից ժամանած գործարարների հետ համագործակցություն կհաստատվի

23.11.2021


Լոռու մարզպետարանում այսօր հյուրընկալել էին Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզից գործարար այցով Լոռու մարզ այցելած պատվիրակությանը։
Վերջինս 7-օրյա այցով Հայաստանում է՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Օմսկի տարածաշրջանի փոքր բիզնեսի աջակցման և զարգացման պետական հիմնադրամի համատեղ ջանքերով։
Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ և մարզում գործարար տարբեր ոլորտներ ներկայացնող ձեռներեցներ: Օմսկից ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված էին սննդի վերամշակման, ծխախոտագործության, մակարոնի, հագուստի արտադրության և մի շարք այլ ոլորտներ ներկայացնող գործարարներ:
Պատվիրակության անդամներին ողջույնի խոսք հղեց Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը: Նա ընդգծեց նմանատիպ հանդիպումների կարևորությունը կողմերի միջև գործարար կապերի հաստատման, ամրապնդման, և, որպես հեռահար նպատակ, տնտեսության զարգացման առումով:
Ա. Հարությունյանը համառոտ ներկայացրեց մարզի արդյունաբերական պոտենցյալը, զարգացման հեռանկարները: Ցուցադրվեցին նաև մարզը ներկայացնող տեսաֆիլմեր:
-Լոռու մարզպետի անունից վստահեցնում եմ՝ պատրաստ ենք աջակցելու հնարավորությունների սահմաններում և ուրախ կլինենք, եթե այս հանդիպումը գործնական կապերի հաստատման սկիզբ դառնա: Լոռու մարզպետարանը պատրաստ է դառնալ կապող օղակ կողմերի միջև,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն գործարար կապերի աշխուժացմանը:
ՀՀ առևտրաարդյունբերական պալատի ներկայացուցիչ Լիպարիտ Աթանեսյանը և պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով հարաբերությունների շարունակական զարգացումը։ Պատվիրակության կազմում ընդգրկված գործարարները ներկայացրեցին իրենց գործունեության բնագավառները։
Հայաստան այցի շրջանակներում Օմսկի գործարարների համար կկազմակերպվեն նաև շնորհանդեսներ, որոնց ժամանակ կներկայացվի Հայաստանի և Օմսկի մարզի արտահանման ներուժը, կլինեն գործարար բանակցություններ ու բիզնես հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ մի շարք առաջատար ոլորտային ձեռնարկություններ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53