Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվում
15.11.2021
![](http://lori.mtad.am/files/n_pics/30308_s.jpg)
Լոռու մարզպետարանի դահլիճում այսօր անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին հրավիրված էին մասնակցելու նաև 44-օրյա պատերազմին մասնակցած, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ձեռք բերած երիտասարդներ:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022թ. տարեկան ծրագրի կատարումն ապահովող Լոռու մարզում ծրագրված միջոցառումները: Նա հաշմանդամություն ձեռք բերած անձանց նախ տեղեկացրեց, որ Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկավերականգնողական կենտրոնը գործում է, բաժանմունքում ստեղծված են ժամանակակից բուժսարքավորումներով անհրաժեշտ պայմաններ և ցանկության դեպքում, կարող են դիմել բժշկական կենտրոն՝ իրավունք ստանալու օգտվել առաջարկվող հնարավորությունից: Վ.Ջաղինյանը հայտնեց, որ հաշմանդամ զինվորականների իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիր է մեկնարկում՝ կրթություն ստանալու, հմտությունների զարգացման, սոցիալական կարիքների գնահատման, օժանդակության կամ մենթորության հնարավորությամբ: Նա հորդորեց լինել ակտիվ, ինքնազբաղվածության համար ներկայացնել առաջարկություններ:
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին տեղեկացրեց, որ Եվրամիությունը աջակցության ծրագիր է նախատեսում 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռքբերած անձանց համար՝ կոմունալ հատուկ հարմարությունների կառուցման, հոգեբանական, սոցիալական աջակցության, ՏՏ կամ այլ ոլորտներում մասնագիտանալու համար: Ծրագրի նպատակն է օգնել առողջական խնդիրեր ունեցող պատերազմի մասնակիցներին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք կյանք վերադառնալ:
Պետության աջակցությամբ իրականացվող, ոլորտում իրենց հաջողված աշխատանքային փորձի մասին խոսեցին «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Լիարժեք կյանք», «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հանձնաժողովի անդամները նշեցին, որ շատ դեպքերում հաշմանդամություն ձեռք բերած անձինք չգիտեն իրենց իրավունքների և այս ոլորտում պետության ընձեռած հնարավորությունների մասին՝ կոչ անելով ակտիվորեն համագործակցել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և ՀԿ սեկտորի հետ՝ տիրապետելու առկա տեղեկատվությանը, օգտվելու ընձեռվող հնարավորություններից և հեշտությամբ ինտեգրվելու միջավայրին: