Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկման հանդիպում Սոցիալական աջակցության և միգրացիոն ծրագրերի վերաբերյալ

11.11.2021

Մարզի բնակիչների սոցիալական վիճակը բարելավելուն և միգրացիոն հոսքերը նվազեցնելուն ուղղված բազմաթիվ պետական և միջազգային ծրագրեր են իրականացվում, որոնց մասին հանրությունը քիչ է իրազեկված: Առաջարկվող ծրագրերը, սակայն, կարող են զգալի մեղմել վիճակը, եթե մարդիկ իրազեկ լինեն և ակտիվ մասնակցություն կամ ներգրավվածություն ունենան: Հերթական անգամ այդ ծրագրերը հանրության թիրախային շերտերին հասցնելու նպատակով Լոռու մարզպետարանում անցկացվեց իրազեկման հանդիպում, որտեղ Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոնի ավագ մասնագետ Հերմինե Գևորգյանը համայնքների տնտեսական գծով պատասխանատուներին և սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ներին ներկայացրեցին մարզում իրականացվող միգրացիոն և պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ծրագրերը: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Ինչպես նշեց Հ. Մկրտչյանը, քաղաքացիներից շատերը ծանոթ չեն մարզում իրականացվող միգրացիոն և սոցիալական ծրագրերին, հետևաբար իրազեկման տեսակետից այս հանդիպումը խիստ կարևոր է: Նա մասնավորապես անդրադարձավ «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրին, որի նպատակն է աջակցել միգրանտների, վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքի անդամների կողմից արդեն իսկ հիմնադրած կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը: Ծրագրի փուլերը հաջողությամբ ավարտելուն պես շահառուներն իրենց սեփական ներդրման գումարին հավասար չափով դրամաշնորհ ստանալու հնարավորություն կունենան: Ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի գտնվել են ՀՀ սահմաններից դուրս: Ծրագրի շահառու կարող են դառնալ ինչպես սկսնակ ձեռնարկատերերն, այնպես էլ՝ գործող բիզնեսները:
Հ. Գևորգյանն իր հերթին նշեց, որ պետությունն աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար, տարեկան կտրվածքով, բավականին մեծ թվով ծրագրեր է իրականացնում. կազմակերպում է գործազուրկ և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցում, գործազուրկներին աջակցության տրամադրում, ձեռք բերած մասնագիտությամբ, մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին տրամադրում է միանվագ աջակցություն և փոխհատուցում՝ տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ զբաղվելու համար, աջակցություն է ցուցաբերում նաև սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններին, ապահովվում է ժամանակավոր զբաղվածություն վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար, կազմակերպում է անմրցունակ և մասնագիտություն չունեցող մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցում և նմանատիպ այլ ծրագրեր: Հանդիպման պատասխանատուները հավաստեցին, որ պետությունը զգալի հնարավորություններ է ստեղծում աշխատաշուկայում անմրցունակ անձանց և միգրանտների համար և հավելեցին, որ ավելի մանրամասն ծրագրերի մասին տեղեկանալու համար հարկավոր է դիմել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի կենտրոններ: Մարզպետարանը ևս պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել ցանկացողներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 14:41:58