Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում ևս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն այլևս փոխանցված է ՀՀ կառավարությանը
11.11.2021
Լոռու և Գեղարքունիքի մարզերում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը փոխանցվել է ՀՀ կառավարությանը։
Ծրագրի փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վանաձորի թիվ 27 դպրոցում, որտեղ այս ծրագրի շրջանակներում տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, ստեղծվել են ջերմոցներ և ճաշարաններ, որտեղ երեխաները հնարավորություն կունենան օգտվել ոչ միայն տաք սննդից, այլև ջերմոցների բարիքներից։
Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի ներկայացուցիչ Օքսաննա Զոտովան, պետական գերատեսչությունների և դեսպանատների, Գեղարքունիքի և Լոռու մարզերի՝ ծրագրի շահառու դպրոցների ներկայացուցիչներ, հյուրեր:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ներկաներին ողջույնի խոսք հղեց փոխմարզպետ Գոռ Ասրյանը ՝ շնորհակալություն հայտնելով մարզում նման կարևորր ծրագրի իրականացման համար:
-Այս ծրագրի շնորհիվ Լոռու մարզի բազմաթիվ աշակերտներ հնարավորություն են ստանում օգտվել բնական, էկոլոգիապես մաքուր սննդից։ Ծրագիրը նաև փորձառություն է աշակերտների համար զբաղվելու գյուղատնտեսական աշխատանքներով, սովորելու ճիշտ օգտագործել բնության բարիքները,-ասաց Գ. Ասրյանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ արդեն շուրջ 11 տարի է, ինչ ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և ՌԴ կառավարության ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը։ Նրա խոսքով` ընդհանուր առմամբ վերջին տասը տարիների ընթացքում ծրագրի շնորհիվ օրական շուրջ 104 հազար երեխա ապահովվում է մեկանգամյա առողջ, բալանսավորված սննդով, ներդրումներ են իրականացվել համայնքների տնտեսական միջավայրի բարելավման և առողջ ապրելակերպի գաղափարների տարածման գործընթացներում։
Ի դեպ, 2016 թվականից սկսած ՀՀ կառավարությունը նաև ֆինանսական պարտավորություն է ստանձնել ծրագրի իրականացման համար, երբ մեկնարկել է մարզերի փուլային հանձնումը ՊՀԾ-ի դպրոցական սննդի զարգացման ծրագրից ՀՀ կառավարության դպրոցական սննդի ազգային ծրագրին։ Մինչ օրս ծրագրի հետագա ղեկավարումը ՀՀ կառավարությանն է հանձնվել վեց մարզում՝ Վայոց ձոր, Սյունիք, Արարատ, Տավուշ, Շիրակ և Արագածոտն: Այժմ ծրագրի ազգայնացման և պետությանը դրա աստիճանաբար փոխանցման գործընթացում ներգրավվում են նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցները: 2022 թվականին Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցները ևս դպրոցական սննդի ազգային ծրագրի մաս կկազմեն։
Ողջույնի խոսքով հանդես եկան և ծրագրի արդյունավետությունն ընդգծեցին նաև Ելենա Միլոշևիչը, դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը տեսաուղերձ հղեց միջոցառման մասնակիցներին։
Միջոցառման ընթացքում մասնակիցները վայելեցին նաև Վանաձորի թիվ 27 և Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտների կատարմամբ ներկայացումները, մասնակցեցին «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ճաշացանկի ցուցադրության համտեսին, ինչպես նաև ծանոթացան Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցի` կանանց հզորացմանն ու համայնքի զարգացմանն ուղղված հաջողության պատմությանը: Ներկաները շրջեցին ծրագրի շրջանակում հիմնված ջերմոցներում:



