Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեց Վանաձորի թիվ 25 դպրոցը
09.11.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց և շնորհակալագրերով պարգևատրեց Վանաձորի «Վիկտոր Համաբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին՝ ուսումնական հաստատությունում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացը գերազանց իրականացնելու և սանիտարահիգիենիկ նորմերը լավագույնս պահպանելու համար:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Լոռու մարզային մասնաճյուղը խստացված ստուգայցեր է պարբերաբար կատարում կրթական կառույցներ և արդյունքների մասին տեղեկացնում մարզային իշխանություններին: Թիվ 25 հիմնական դպրոցը ստուգումների արդյունքում ամենաօրինակելի կրթօջախն է համարվել: Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով դպրոցում օրինակելի կարգուկանոն հաստատելու գործում ունեցած մասնակցության համար այսօր շնորհակալագրեր տրվեցին դպրոցի գործադիր տնօրեն Անահիտ Ղազումյանին, տնօրենի տեղակալ Լուսինե Սոխակյանին, դասվար Անահիտ Ջահանգիրյանին:
Դպրոցի տնօրենը մարզպետի հետ զրույցում հայտնեց, որ անձնակազմի ավելի քան 90 տոկոսը պատվաստվել են, դպրոցն ունի 857 աշակերտ և այստեղ, աշակերտից մինչև ուսուցիչ, ամեն վայրկյան ուշադիր են սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում: Մարզպետ Արամ Խաչատրյանը կոչ արեց չթուլացնել զգոնությունը, որպեսզի հնարավորինս արագ հաղթահարենք այս հիվանդությունը: