Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Պատվաստումների օրը Վանաձորում»

08.11.2021

 Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում նոյեմբերի 6-ին անցկացվեց «Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի ԲԿ-ի հետ համագործակցությամբ:
Միջոցառման նպատակն էր խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանն առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին բաժանվում էին պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:
Վաղ առավոտից գործընթացին անձամբ հետևում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ներկա են նաև մարզպետարանի պաշտոնյաներ, ոլորտային պատասխանատուներ:
Պատվաստման գործընթացին ծանոթանալու նպատակով Վանաձոր էր ժամանել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրան էր միացել Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան ՆԳ տիկին Ւնգա Ստանիտե֊Տոլոչկիենեն։
Հիշեցնենք, որ Լիտվայի Հանրապետությունը Մոդեռնա և Աստրազենեկա պատվաստանյութերի մեծ խմբաքանակ է նվիրել Հայաստանին։
«Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառման ընթացքում, որն անց կացվեց այսօր Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի ԲԿ-ի հետ համագործակցությամբ, պատվաստվել է 451 քաղաքացի։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան ՆԳ տիկին Ինգա Ստանիտե ֊Տոլոչկիենեն, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, օրվա երկրորդ կեսին այցելեցին նաև Վանաձորի բժշկական կենտրոն, հետևեցին բուժօգնության կազմակերպման գործընթացին:
Նրանք մասնավորապես եղան Վանաձորի ԲԿ-ի նորաստեղծ Ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունքում:
Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի գործակցությամբ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք:
Վանաձորի կենտրոնը համակցված վերականգնողական կենտրոն է՝ ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական ծառայություններով, որն ամբողջությամբ ծառայելու է զինվորների ընթացիկ բուժմանը:
Ծրագրի շրջանակներում Վանաձորի բժշկական կենտրոնը կստանա 12 միավոր վերականգնողական սարքավորում, որի մի մասն արդեն տեղադրվել է։
Ֆրանսիացի և ֆրանսահայ գործընկերների, ինչպես նաև առողջապահության նախարարության աջակցության շնորհիվ վերականգնողական ծառայություններն այսուհետ հասանելի են, ինչպես արցախյան պատերազմից տուժած, այնպես էլ` վերականգնողական բուժման կարիք ունեցող մյուս քաղաքացիների համար:
Ծրագրի շրջանակներում նաև տեղի մասնագետները հնարավորություն կստանան վերապատրաստվելու ֆրանսիացի փորձառու բժիշկների դասընթացների շրջանակներում։
Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։
Այցելություն է կատարվել նաև Վանաձորի թիվ 3 համաբուժարան: Այցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է պատվաստումային գործընթացի տեմպերով, բնակչության դիմելիությամբ, հավաստիացել, որ տեղում առկա են երկրում հասանելի բոլոր տեսակի պատվաստանյութերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38