Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոբելյանական ցերեկույթ
05.11.2021
Բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ և ՀԺՄ Լոռու մարզային բաժանմունքների նախագահ, «Լոռու մարզ» և «Երկունք» թերթերի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանի ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանների կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանում, որին ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մտավորականներ:
Հայ գրականության հանրահռչակման, ազգային արժեքների պահպանության և Լոռու մարզում գրական կյանքը ակտիվացնելու գործում ունեցած գնահատելի ավանդի համար մարզպետ Արամ Խաչատրյանի անունից Մանվել Միկոյանին շնորհավորագիր հանձնեց Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը: Մանվել Միկոյանին Գրողների միության «Վաստակի համար» մեդալի արժանացրեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Վանաձորի համայանքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանի անունից ևս հանձնվեց շնորհավորագիր: Հնչեցին շնորհավորանքի բազմաթիվ խոսքեր, անդրադարձ կատարվեց հոբելյարի ստեղծագործական ուղուն և գործունեությանը: Միջոցառման ընթացքում Մանվել Միկոյանի ստեղծագործությունների ասմունքով, երգերի կատարմամբ հանդես եկան Վանաձորի պոեզիայի թատրոնի սաները: