Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի և Սամարայի շրջանի միջև համագործակցության և բարեկամության սկիզբը դրված է
29.10.2021
Հայաստանի Հանրապետությունում Ռոսհամագործակցության ներկայացուցչության առաջարկությամբ առաջիկայում կդրվի ՀՀ Լոռու մարզի և ՌԴ Սամարայի շրջանի միջև համագործակցության և բարեկամության սկիզբը:
Համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ բանակցությունների անցկացման նպատակով այսօր առցանց հանդիպում անցկացվեց կողմերի ներկայացուցչությունների միջև:
Լոռու մարզը ներկայացնում էին մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, մարզպետարանի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետությունում Ռոսհամագործակցության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Անտոն Բերյանեվը, Սամարայի շրջանի նահանգապետի վարչակազմի արտաքին կապերի վարչության պետ Սերգեյ Զախարովը, նահանգապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, այլք:
Ողջունելով կողմերին՝ Անտոն Բերյանեվը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում Ռոսհամագործակցության ներկայացուցչությունը մեծ սիրով աջակցում է համագործակցության նախաձեռնությանը՝ կարևորելով ՌԴ և ՀՀ քաղաքների ու մարզերի միջև սերտ բարեկամությունը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և մարզպետարանի աշխատակազմի ջերմ ողջույնները Սամարայի կոլեգաներին փոխանցեց Ա. Հարությունյանը:
Վերջինս նշեց, որ Լոռու մարզպետարանը շահագրգռված է համագործակցության հեռանկարով և պատրաստ է ներդնելու առավելագույն ջանքեր տարվող բանակցությունները առավել գործնական և արդյունավտ հարթակ տեղափոխելու հարցում: Կողմերը ամփոփ ներկայացրեցին մարզերի հնարավորությունները արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխանակվել ոլորտներին վերաբերող տեղեկատվություններով՝ դրանք առավել հանգամանորեն քննարկելու և արդեն հաջորդ հանդիպմանը գործնական առաջարկություններով հանդես գալու նպատակով: