Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկման հանդիպումներ համայնքների խոշորացման վերաբերյալ
27.10.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Արեն Անանյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Վարդան Աղբալյանը Փամբակ, Սպիտակ և Վանաձոր համայնքներում անցկացրեցին իրազեկման հանդիպումներ՝ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, Գուգարքի տարածաշրջանի 15 համայնքներ կխոշորացվեն Փամբակ կենտրոնով, Սպիտակի տարածաշրջանի բոլոր համայնքները կխոշորացվեն՝ Սպիտակ կենտրոնով և Վանաձոր խոշորացված համայնքի կազմում կընդգրկվեն Վանաձոր, Դարպաս, Գուգարք և Շահումյան բնակավայրերը:
Հանդիպումներին ներկա էին համայնքապետեր, համայնքապետարանների, ՀՈԱԿ-ների աշխատակիցներ, խոշորացվող համայնքների բնակիչներ և այլն։ Հանդիպման ընթացքում մանրամասն տեղեկատվություն ներկայացվեց խոշորացման գործընթացի, հետագա քայլերի վերաբերյալ։ Ներկայացվեցին գործընթացի առավելությունները, նախորդ տարիներին իրականացված խոշորացման ծրագրերի դրական արդյունքը: Աշոտ Գիլոյանը նշեց, որ խոշորացման արդյունքում կառավարումն առավել արդյունավետ է դառնում։ Համայնքները կտիրապետեն ավելի շատ ֆինանսական միջոցների, խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենան, առավել շատ թվով և խոշոր սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու հնարավորություն կստեղծվի, վարչական ապարատում կընդգրկվեն ավելի որակյալ կադրեր և այլն:
Աշոտ Գիլոյանը ներկայացրեց նաև համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրության առանձնահատկությունները և համայնքի ղեկավարի ընտրության կարգը՝ օրինակ բերելով Վանաձոր և Գյումրի համայնքները։
Հանդիպման ընթացքում պարզաբանումներ տրվեցին նաև բնակիչներին և գյուղական համայնքների ղեկավարներին հուզող հարցերին ու մտահոգություններին։