Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ծանոթացավ Վանաձորում իրականացվող սուբվեցիոն ծրագրերի ընթացքին

25.10.2021

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն միջոցներով, Վանաձորում այս տարի իրականացվում է 4 խոշորածավալ ծրագիր:
Ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր աշխատանքային օրն անցկացրեց շինհրապարակներում: Մարզպետին ուղեկցում էին Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ:
Վանաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն են.
• Վանաձորի Աղայան փողոցի հիմնանորոգում,
• Վանաձորի Տարոն-4 թաղամասից նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն, գնացող փողոցի հիմնանորոգում
• Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում,
• Վանաձորի «Սայաթ-Նովայի» անվան զբոսայգու վերակառուցում:
Մարզի ղեկավարը տեղում ծանոթացավ ծրագրերի ընթացքին։ Աղայան փողոցում մայթերի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում. տեղադրվել են բազալտե եզրաքարեր, մայթերը պատվել են խճով, շուտով կասֆալտապատվեն, իսկ փողոցի երթևեկելի մասում դեռևս անելիքներ կան: Եղանակային պայմանները, եթե չխանգարեն, ապա մինչև դեկտեմբեր Աղայան փողոցի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն: Ծրագրի պայմանագրային արժեքը 331 միլիոն դրամ է: Մարզպետը հորդորեց շինարարական կազմակերպությանը մեծ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և ծրագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալով իրականացմանը:
Շրջայցը շարունակվեց Վանաձորի «Սայաթ-Նովայի» անվան զբոսայգում: Քաղաքային այգին ամբողջովին վերակառուցում է: Գլխավոր ճեմուղին շուտով կպատվի նոր եզրաքարերով, արդեն խճալցվել է, առաջիկայում կասֆալտապատվի, իսկ այգու որոշ հատվածներ կսալիկապատվեն:
Վանաձորցիների սիրելի զբոսայգին գարնանն արդեն նորովի կներկայանա՝ գեղեցիկ լուսավորությամբ, շատրվաններով, շուրջ տարին գործող սառցադաշտով, հիմնանորոգված ճեմուղիներով և գեղեցիկ գլխավոր մուտքով: Բացօթյա ամֆիթատրոնի կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն: Կկառուցվի նաև ժամանակակից հանրային սանհանգույց: Ծրագրի պայմանագրային արժեքն ավելի քան 323 միլիոն դրամ է:
- Այս այգում իր մանկությունը, պատանեկությունը, իր կյանքի լավագույն պահերն է անցկացրել յուրաքանչյուր վանաձորցի: Ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք այգու վերակառուցման գործին, որ մեր սիրելի քաղաքային զբոսայգին դրախտավայր դառնա բոլորի համար,- ասաց Լոռու մարզպետը:
Տասնամյակներ շարունակ տնակներում գործող Վանաձորի թիվ 8 մանկապարտեզը հիմնովին քանդվում է, նորակառույց մանկապարտեզի հիմքն այս տարի կկառուցվի, իսկ շենքը կանգուն կլինի արդեն մյուս տարի: Մանկապարտեզը նախատեսված է 150 երեխայի համար, կգործի 6 խումբ: Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 40 միլիոն դրամ է:
ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ ասֆալտապատվել է Վանաձոր համայնքի նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն տանող շուրջ 1680 գծամետր ճանապարհը, կառուցվել են ջրահեռացման առուներ: Ճանապարհի հիմնանորոգումը գտնվում է ավարտական փուլում: Ծրագրի պայմանագրային արժեքը 95 միլիոն դրամ է:
- Իրականացվող աշխատանքները մեծ կարևորություն ունեն մեր քաղաքի համար, սա հանրային պահանջ էր: Նման աշխատանքների իրականացումը շարունակական բնույթ է կրելու, մենք պետք է կրկնապատկենք մեր ուժն ու միջոցները մեր քաղաքը և մարզը շենացնելու գործում,- այցն ամփոփեց Ա. Խաչատրյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:14:28