Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում կայացավ «Բերքի տոն 2021» տոնահանդեսը

11.10.2021

«Բերիքի տոն 2021» ավանդական տոնահանդեսն այս տարի անցկացվեց Մեծավան համայնքի վարչական տարածքում: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզի գյուղական և քաղաքային համայնքները՝ ներկայացնելով իրենց արտադրած օրգանական և բնական գյուղմթերքը, բերքն ու բարիքը, տեղական արտադրության բազմազան սնունդն ու այլ արտադրանքներ, նաև՝ ձեռք բերված գյուղտեխնիկան:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը, որից հետո մեկնարկեց միջոցառումը:
Տոնի մասնակիցներին և հյուրերին ողջունեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ սերտ համագործակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ գյուղատնտեսության ոլորտում կհաջողվի արձանագրել նոր հաջողություններ ու ձեռքբերումներ.
- Գյուղատնտեսությունը եղել և մնում է մեր երկրի զարգացման, հասարակության բարեկեցության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը, և դա է պատճառը, որ կառավարությունը հետևողականորեն իրականացնում է գյուղատնտեսության արդիականացմանն ու բարեփոխումներին ուղղված ծրագրեր: Խորապես ծանոթ լինելով գյուղատնտեսության բնագավառում առկա դժվարություններին՝ ես բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ տքնաջան աշխատանքը: Գյուղատնտեսությունը մեր երկրի, մեր մարզի ռազմավարական ուղղություններից է, ու կառավարությունը ջանքեր չի խնայում այն զարգացնելու համար: Պետական աջակցությամբ իրականացվող մեկ տասնյակից ավելի աջակցության ծրագրերը միտված են ոլորտի զարգացմանը, գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը, նրանց եկամտի ավելացմանը: Մենք վստահ ենք, որ երկրի զարգացումն ու հասարակության բարեկեցությունը կարելի ապահովել նաև ժամանակակից, նորարական գյուղատնտեսության միջոցով,- ասաց Ա. Խաչատրյանը:
Իր ողջույնի և օրհնության խոսքը ներկաներին հղեց, Տաշիրի տարածարշրջանի հոգևոր հովիվ Հայր Ներսես վարդապետ Գալստյանը, օրհնեց բերքն ու բարիքը և նրա արարողին, մաղթելով, որ բերքահավաքին նվիրված այս տոնը լավ տրամադրություն փոխանցի, խաղաղություն լինի և գյուղացու բերքը միշտ առատ լինի:
Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին տոնակատարության հյուրերից էր: Նա շնորհավորեց ներկաներին և նշեց, որ Հայաստանի համն ու հոտն անկրկնելի է:
Յուրահատուկ ձևավորմամբ ցուցադրված տաղավարներն իրենց շուրջն էին համախմբել տոնի մասնակիցներին և հյուրերին: Յուրաքանչյուր համայնք համտեսի էր հրավիրում և հպարտանում տարվա իր արդար քրտինքի արդյունքով:
Ներկայացված տեսականին ընդգրկում էր տնական հացաբուլկեղեն, կաթնամթերք, մսամթերք, էկոլոգիապես մաքուր միրգ, հատապտուղ, բանջարեղեն, չիր, մեղր ու անուշեղեն, Լոռվա սարերի թեյ, դեղաբույսեր, համեմունքներ, գինի, մրգօղի և այլն:
Գեղարվեստական և թատերականացված կատարումներով, երգ ու պարով, ասմունքով, ուրախ տրամադրություն էին փոխանցում մարզի անվանի կատարողները, դերասանները, պարային համույթներն ու ժողգործիքների խմբերը:
Եղան նաև մարզական մրցանակային ցուցադրական ելույթներ՝ պարանի ձգում, բազկամարտ, կշռաքարերի բարձրացում, հայկական ավանդական ըմբշամարտ և այլն:
Տոնահանդեսին մասնակցողների՝ արտադրողների, ֆերմերների, ձեռներեցների, վերամշակողների, ներդրողների և գնորդների համար սա կարևորագույն միջոցառում է, որը հնարավորությունն է տալիս գնումներ կատարել անմիջապես արտադրողից, նոր ծանոթությունների միջոցով համագործակցություններ սկսել և նոր շուկաներ գտնել:
Մրգերի հանդերձանքով կերպարներն ուղեկցում էին մարզպետին և մյուս պաշտոնատար անձանց, որոնք շրջեցին տաղավարներով, ծանոթացան համայնքների և անհատ ձեռներեցների ներկայացրած ապրանքներին: Նրանք համտեսեցին անուշահամ բարիքներից, զրուցեցին տոնավաճառի մասնակիցների հետ և ընտրեցին «Բերքի տոն 2021» տոնահանդեսի լավագույն մասնակից համայնքներն ու արտադրողներին:
Պատվոգրերի, շնորհակալագրերի և նվերների արժանացան լավագույն համայնքները, արտադրողները, միջոցառման աջակիցներն ու ոլորտի լավագույն մասնագետները:
2021թ. ընթացքում գյուղատնտեսական ցուցանիշներով առավելագույն մակարդակ ապահոված Լոռու մարզի «Լավագույն համայնք» ճանաչվեց Սպիտակ համայնքը:
«Բերքի տոն» մարզային տոնակատարության նախապատրաստական աշխատանքներին աջակցելու և ակտիվորեն մասնակցելու համար պարգևատրվեց Մեծավան համայնքը:
Տարվա ընթացքում գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության և իրացման կայուն ցուցանիշներ ապահովելու, հողային ռեսուրսները մշտպես լիարժեք օգտագործելու համար մարզի «Լավագույն համայնք» ճանաչվեց Կաթնաջուր համայնքը:
Կաթի մթերման, վերամշակման, արտադրանքի որակի բարձրացման և իրացման ծավալները մեծացնելու բնագավառում ձեռք բերված հաջողությունների համար «Լավագույն կազմակերպություն» ճանաչվեց Մարգահովիտի «ԱԼՊԻ» կաթի վերամշակման արտադրամասը:
Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի, մշակության աշխատանքները ագրոտեխնիկական կանոններով կատարելու, գյուղատնտեսական տեխնիկան և գործիքները բարեխիղճ պահպանելու համար մարզի «Լավագույն մեխանիզատոր» ճանաչվեց Կարո Իգնատյանը Սարչապետ համայնքից:
Մեղվաբուծության բնագավառում մեղվաընտանիքները զարգացնելու, առողջ պահպանելու և բերքի բարձր ցուցանիշներ ապահովելու համար մարզի «Լավագույն մեղվաբույծ» ճանաչվեց Հայկազ Գասպարյանը՝ Սպիտակ համայնքից:
Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և անասնաբուժասանիտարական միջոցառումների լիարժեք իրականացման համար «Լավագույն անասնաբույժ» ճանաչվեց Մասիս Պողոսյանը՝ Տաշիր համայնքից:
«Բերքի տոն» տոնակատարությանը ամենամյա մասնակցելու և գյուղատնտեսական մթերքների ցուցանմուշները ցուցադրելու համար լավագույն համայնք է ճանաչվել Լեռմոնտովո համայնքը:
Գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության գործում երկարամյա և արգասաբեր ավանդ ունենալու համար 2021թ. մարզի «Լավագույն հողագործ» ճանաչվեց Կարեն Դալլաքյանը՝ Օձուն համայնքից:
Թռչնաբուծության բնագավառում ձվի արտադրության բարձր ցուցանիշներ ապահովելու համար պարգևատրվեց է Վահե Հովհաննիսյանը Կարմիր Աղեգի համայնքից:
Հողագործության և անասնաբուծության բնագավառներում երկարամյա և արգասաբեր ավանդ ունենալու համար 2021թ. մարզի «Լավագույն ֆերմեր» ճանաչվեց Ջոն Պողոսյանը՝ Տաշիր համայնքից:
Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը պարբերաբար աջակցելու և Լոռու մարզպետարանի հետ սերտ համագործակցելու համար պարգևատրվեց «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը, տնօրեն՝ Մարիամ Անտոնյան:
Լոռու մարզի գյուղացիական տնտեսությունների հետ սերտ համագործակցելու և «Բերքի տոն» մարզային տոնակատարության կազմակերպմանն ու անցկացմանը պարբերաբար աջակցելու համար պարգևատրվեց «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն:
Տոնակատարության նախապատրաստական աշխատանքներին աջակցելու համար պարգևատրվեց նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն:
Գյուղատնտեսական մթերքների ցուցանմուշները գեղեցիկ ձևավորելու և ցուցադրելու համար «Լավագույն համայնք» անվանակարգում շնորհակալագրերի արժանացան մարզի 8 համայնքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59