Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում բացվեցին զգայական, խոհարարական սենյակներ և մարզախաղահրապարակ
06.10.2021
Չեխիայի հանրապետության, ՀՀ-ում Չեխիայի հանրապետության դեսպանատան և «Rotary Club of Yerevan-International» ակումբի համաֆինանսավորմամբ Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում իրականցավել է 25.000 դոլար արժողությամբ ծրագիր: Ծրագրի արդյունքում այսօր դպրոցում բացվեցին՝ զգայական սենյակ՝ համապատասխան կահավորմամբ, խոհարարական սենյակ՝ գույքով և խոհանոցային լավագույն տեխնիկայով, խաղահրապարակ՝ մարզասարքերով և հաճելի ժամանցի միջավայրով:
Ծրագրի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկին, «Rotary Club of Yerevan-International» ակումբի նախագահ Վահագն Նազարյանը, Սպիտակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և համայնքային պաշտոնաատար այլ անձինք:
- Շնորհակալ ենք Չեխիայի հանրապետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար: Զգացված ենք, որ տեղեկանալով դպրոցի խնդրին, պատրաստակամություն եք հայտնել աջակցել դրանց լուծմանը, - իր խոսքում ընդգծեց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Շնորհիվ ծրագրի՝ նաև ներառական կրթություն իրականացնող այս դպրոցում սովորողների համար արդեն առկա են միջավայրային անհրաժեշտ պայմաններ, որոնք կնպաստեն երեխաների ուսումնավերականգնողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
- Ես շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար, այս դպրոցը հայ-չեխական լավ բարեկամության վառ օրինակն է: Դպրոցի գործունեությանը հաջողություններ և վերելք եմ ցանկանում: Սա մեր միասնական աշխատանքի արդյունքն է և ապագայում էլ կփորձենք մեր ուշադրության կենտրոնում պահել դպրոցը և աջակցել զարգացման ծրագրերին,- նշեց Բեդրիխ Կոպեցկին:
Միջոցառմանը դպրոցը ներկայացնում էր կրթության առանձնահատուկ կարիքներով իր սաներից մեկի՝ Հարութ Սիմոնյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Դպրոցն այսօր ունի 415 աշակետ, որոնցից 13-ն ունեն կրթության առանձնահատուկ կարիքներ:
Հիշենցնենք, որ Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը կառուցել են չեխ շինարարները՝ 1990 թվականին և տարիներ ի վեր օգնում են դպրոցին ամենատարբեր հարցերում: