Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետության աջակցությամբ Լոռու մարզի Վահագնաձոր և Ձորագյուղ բնակավայրերում կրկին նախակրթարաններ կգործեն

01.10.2021

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Լոռու մարզի Վահագնաձոր և Ձորագյուղ համայնքներում վերաբացվել են նախակրթարանները, որոնք տարիներ շարունակ միջոցների բացակայության պատճառով չէին գործում:
Այսօր մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա գտնվեց նախակրթարանների բացման հանդիսավոր արարողությանը:
Վահագնաձորի նախակրթարանի համար ներդրվել է 13 մլն դրամ, որից 910 հազար դրամը՝ պետբյուջեի, 390 հազար դրամը՝ համայնքային ներդրումն է:
Նախակրթարան այս պահին կհաճախի 15 երեխա, մինչդեռ այն հնարավորություն ունի ընդունելու մինչև 20 փոքրիկի:
Ձորագյուղի նախակրթարանի վերագործարկման համար պետբյուջեից հատկացվել է 785 հազար դրամ: Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և բարերարի աջակցությամբ էլ նախակրթարանի տարածքն ամբողջությամբ վերանորոգվել է և արդեն պատրաստ է իր հարկի տակ առնելու 20 և ավելի փոքրիկների՝ նրանց նախադպրոցական կրթությունը կազմակերպելու նպատակով:
Մարզի ղեկավարը շրջեց նախակրթարանների տարածքներում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
-Նախադպրոցական կրթությունը ևս կառավարության ուշադրության կենտրոնում է: Հատկապես փոքր գյուղական համայնքների համար նախակրթարանները խիստ կարևոր են ու պատահական չէ, որ պետության ջանքերն ուղղված են նաև այս խնդրի լուծմանը, որպեսզի գյուղական համայնքների փոքրիկները ևս զրկված չլինեն մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից,- ասաց նա:
Այցի շրջանակներում մարզի ղեկավարը հանդիպեց նաև համայնքների ակտիվ բնակիչների հետ, հաղորդակից դարձավ նրանց կողմից բարձրացված խնդիրներին: Ա. Խաչատրյանը եղավ նաև Ձորագյուղի դպրոցում՝ ծանոթանալով այստեղ գործող տեխնոլոգիայի դասասենյակի գործունեությանը, որտեղ աշակերտները հնարավորություն ունեն կարելու պայուսակներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38