Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը հյուրընկալել էր Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին
01.10.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին և դեսպանատան ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտնյաներ:
Ողջունելով դեսպանի հերթական այցը Լոռու մարզ՝ մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների կառավարությանը, դեսպանատանը մարզում մի շարք ծրագրերի իրականացման համար:
-Վստահ եմ առաջիկայում ևս այս ծրագրերը շարունակական կլինեն: Ուզում եմ վստահ լինեք, որ մարզպետարանը իր ուժերի և հնարավորությունների սահմաններում, պատրաստ է աջակցելու այդ ծրագրերի լիարժեք իրականացմանը,-ասաց Ա. Խաչատրյանը:
Պարոն դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության և իրականացող ծրագրերին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար: Նա նաև վստահեցրեց, որ Նիդերլանդների կառավարությունը պատրաստակամ կլինի համագործակցելու մի շարք ուղղություններով՝ մասնավորապես գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության, ինչն էլ արժանացավ մարզի ղեկավարի հավանությանը:
-Պատրաստակամ ենք քննարկելու ցանկացած առաջարկություն առավել գործնական հարթակներում,- ասաց Ա. Խաչատրյանը:
Պարոն դեսպանի խնդրանքով մարզի ղեկավարը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեցին մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները և ներկայում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարմանն ուղղված գործուն քայլերը: Կողմերը նաև փոխանակվեցին հուշանվերներով: