Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապրես մեր սրտում հավերժ պատանի. Հիշատակի միջոցառում Կաթնաջուրի դպրոցում

28.09.2021

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Կաթնաջուր համայնքի հերոսների անունների կողքին հնչեցին նորերը: Համայնքի դպրոցը կրում է Արցախյան առաջին հերոսամարտի ազատամարտիկ, մահապարտ Սողոմոն Սեյրանյանի անունը: Այսօր դպրոցում հանդիսավոր միջոցառմամբ դասասենյակ կոչվեց նույն դպրոցի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմում իր կյանքը տված Էրիկ Մխիթարյանի անունով:
Դասասենյակի անվանակոչությանը մասնակցեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հովիվ Տեր Վաղարշ Հակոբյանը, մարզպետարանի և համայնքի ներկայացուցիչներ:
Գոռ Ասրյանը զորակցություն հայտնեց իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից, նշեց, որ նման միջոցառումները հիանալի դաս և օրինակ են՝ նոր սերնդին հայրենասիրության ոգով դաստիարակելու, կյանքը հայրենիքին զոհաբերած հերոսներին ընդմիշտ հիշելու, նրանց հիշատակը հավերժացնելու համար:
-Մեր զոհերը նահատակվել են մեր ապրելու ու զորանալու, մեր հայրենիքը պահպանելու և շենացնելու համար: Մենք պետք է շարունակենք նրանց նվիրական գործը: Ես խոնարհվում եմ բոլոր զավակ կորցրած ծնողների առջև, եղբայր կորցրած քույրերի առջև, ծնող կորցրած զավակների առջև,- ասաց նա:
Պատերազմում զոհված զինծառայողների հիշատակի միջոցառմանը աշակերտները ներկայացրին դպրոցի շրջանավարտ Էրիկ Մխիթարյանի կյանքի ուղին՝ հանդիսավոր երդվելով միշտ ներկա համարել զոհված ընկերոջը:
Էրիկ Մխիթարյանը ծնվել է 2002 թվականին Կաթնաջուր համայնքում: Դպրոցն ավարտելուց հետո անցել է ծառայության Մեխակավանի 5-րդ գումարտակի հետախուզական վաշտում: 2 ամսվա զինծառայողը արիաբար մասնակցել է Մեխակավանի, Արա լեռան պաշտպանական մարտերին, զոհվել է հոկտեմբերի 14-ին՝ Հադրութի մարտերի ժամանակ: Հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի:
«Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության անդամները Էրիկ Մխիթարյանի ծնողներին հանձնեցին կազմակերպության «Ազատամարտիկ» մեդալը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:14:28