Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են առողջապահության ոլորտի առաջնահերթ հարցեր
28.09.2021
Լոռու մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Քննարկման հրատապ թեման բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների ընթացքին վերաբերող հարցերն էին:
- Կորոնավիրուսի բռնկման հերթական ալիքը կանխելու համար անհրաժեշտ է արագ տեմպերով իրականացնել ոչ միայն բնակչության, այլև բուժանձնակազմերի պատվաստման գործընթացը,- իր խոսքում ընդգծեց փոխմարզպետը:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռ. Պողոսյանը նշեց, որ 2021թ.-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ մարզում պատվաստվել է 27.436 մարդ կամ բնակչության 11%-ը, որից առաջին դեղաչափ են ստացել 19.677, երկրորդ դեղաչափ՝ 7759 մարդ: COVID-19-ի դեմ մարզում այժմ հասանելի են Աստրազենեկա, Սպուտնիկ V և Սինոֆարմ պատվաստանյութերը:
Առողջապահության ոլորտի մարզային պատասխանատուն ընդգծեց, որ նշված պատվաստանյութերն անվտանգ են, արդյունավետ և կոչ արեց պատվաստվել, եթե չկան հակացուցումներ:
Հիշեցնենք, որ այս տարի հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև զորակոչիկների առողջական վիճակը գնահատելու վերաբերյալ աշխատանքների պատշաճ կատարման հետ կապված հարցեր:
Ընդգծվեց, որ զորակոչային տարիքի անձանց պատվաստումները պետք է կատարել ժամանակին, առողջության անձնագրերը լրացնել ճշգրիտ, զորակոչիկների ուղեգրումները ձևակերպել հիմնավորումներով՝ ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված դրույթներին համապատասխան: