Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեկկոն պատմում է Հայաստանի մասին, բարեկամությունը շարունակվում է. Իտալիայի Լոմբարդիայի մարզում մեկնարկել են հայկական օրերը

25.09.2021

Սեպտեմբերի 24-ին Իտալիայի Լոմբարդիայի մարզի Լեկկո քաղաքում մեկնարկել են Հայկական օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին: Այն կրում է «Լեկկոն պատմում է Հայաստանի մասին, բարեկամությունը շարունակվում է» խորագիրը: Միջոցառումները կշարունակվեն չորս օր:
Միջոցառումների շարքը մեկնարկել է կոնֆերանսով, որին
առցանց եղանակով մասնակցել է նաև Լոռու մարզպետարանը:
Մինչ հիմնական զեկույցի մեկնարկը, ներկայացվեց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի տեսաուղերձը.
- Հարգելի պարոն քաղաքապետ, պարոն Սերջիո Ֆենառոլի, սիրելի իտալացի ժողովուրդ, Լոռու մարզի բնակչության, Լոռու մարզպետ պարոն Արամ Խաչատրյանի և անձամբ իմ անունից, ուզում եմ երախտիքիս խոսքն ուղղել Լեկկոյի հին և նոր ղեկավարությանը և իր աշխատակազմին՝ երկարամյա աջակցության համար: Հայ-իտալական բարեկամությունը բազմադարյա պատմություն ունի, որը հիմնված է փոխադարձ վստահության և միմյանց նկատմամբ ջերմ հարաբերությունների վրա: Դեռևս 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո, Դուք սկսեցիք աջակցել մեր տարածաշրջանին: Մեզ համար դժվար մի ժամանակահատվածում օգնեցիք մեզ բնակարանների և դպրոցների կառուցման գործում, որ մեր երեխաները կարողանան ապահով ապրել և կրթվել: Հայ- իտալական հարաբերությունները դրսևորվում են նաև տնտեսության տարբեր բնագավառներում։ Դրանից հետո քայլ առ քայլ ընդլայնում եք Ձեր բարեգործությունների շրջանակը, որի համար անչափ շնորհակալ ենք:
Ի դեմս Լոռու մարզպետ պարոն Արամ Խաչատրյանի՝ Հայաստանյան դիվանագիտական խողովակների միջոցով առաջարկություններ ենք ուղարկել Լոռի-Լոմբարդիա երկու մարզերի միջև համագործակցություն սկսելու մեծ ակնկալիքով։ Լոռու մարզկենտրոն Վանաձորի համայնքապետարանը նույնպես պատրաստակամություն է հայտնել համագործակցել Լեկկոյի քաղաքապետարանի հետ: Հույս ունեմ, որ նախատեսվող համագործակցությունները փոխշահավետ և արդյունավետ կստացվեն:
Անդրադառնալով միջոցառումների այս շարքին, որ դուք նախապատրաստել և իրականացնում եք այս օրերին, հուզմունքի և հարգանքի զգացումով է լցնում հոգիս, որ այս դժվարին և փորձություններով լի ժամանակաշրջանում, կրկին Դուք մեր կողքին եք, թույլ տալով հասկանալու, որ Ձեզ նման բարեկամներ ունենք,- մասնավորապես ասված էր ուղերձում:
Զեկույցով հանդես եկավ պատմաբան, մանկավարժ Ալդո Ֆերարին: Նա հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, որը հազարամյակների պատմություն ունի, ապա նաև անդրադարձավ արցախյան հակամարտությանը, 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին:
Այսօր Գարդեն ռեստորանում տեղի կունենա հայկական ուտեստների համտեսում, ապա երեոյան, Սանտա Մարթա եկեղեցում, կմատուցվի Սուրբ պատարագ՝ հայ առաքելական եկեղեցու կանոններով՝ քահանա, Տեր-Հակոբյանի ձեռամբ:
Վաղը՝ երեխաների համար կներկայացվեն Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացումներ, ապա երեխաները հնարավորություն կունենան գունավորելու հայկական մանդալաներ: Նուն օրը երաժշտական դպրոցներից մեկում տեղի կունենա համերգ. կհնչի հայկական երաժշտություն:
Միջոցառումները կամփոփվեն սեպտեմբերի 27-ին. բժիշկ, հրապարակախոս, Իտալիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Պիետրո Կուչուկյանը, ճարտարապետ Գայանե Կանսատին հանդես կգան զեկույցներով՝ ներկայացնելով հայ ժողովրդի անցած պատմական ուղին, մշակութային ժառանգությունը:
Անդրադարձ կկատարվի նաև 1915թ. հայերի ցեղասպանությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59