Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անկախ Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է
22.09.2021
Անկախության օրը Լոռու մարզում նշվեց մի շարք միջոցառումներով։
Առավոտյան մարզի ղեկավար Արամ Խաչատրյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը, մարզային և համայնքային իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչները ու այլ պաշտոնատար անձինք ներկա գտնվեցին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ հնչեցված հանրապետական մաղթանքին:
Այնուհետ բարձրաստիճան այրերն այցելեցին Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի արձանին, ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Սպարապետի հիշատակին։
Հայքի հրապարակում կազմակերպվել էր նաև զորահանդես 3-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների մասնակցությամբ: Ներկաներին ողջույնի և շնորհավորանքի խոսք ուղղեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, օրհնանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Համայն հայությանն ուղղված իր շնորհավորանքի խոսքում մարզի ղեկավարը նշեց, որ անկախությունը հայ ժողովրդի համար բացարձակ արժեք է, և յուրաքանչյուր հայի համար գերնպատակ պետք է լինի արարել ու աշխատել ՝ հանուն մեր հայրենիքի զարգացման, հանուն նրա պայծառ ու լուսավոր ապագայի:
Միջոցառման ավարտին ներկաները ճաշակեցին զինվորների համար պատրաստվող ճաշատեսակներից։