Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դարպաս գյուղի դպրոցի ինտենսիվ այգին արդեն բերք է տալիս

22.09.2021


Դարպաս գյուղում ՄԱԿ- ի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից իրականացվել է հերթական կարևոր ծրագիրը. «Ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնում դպրոցամերձ տարածքներում» ծրագրի շրջանակներում Դարպասի դպրոցը նույնպես ինտենսիվ այգի ունի: Այս համագործակցության շրջանակներում մարզում նման 8 այգի է հիմնվել:
Այգու բացմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի համակարգող Մարիա Մուրադյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ ու համայնքի բնակիչներ:
Արամ Գրիգորյանն իր խոսքում կարևորեց համագործակցությունը կառույցների միջև՝ նշելով, որ մարզային իշխանությունները մշտապես պատրաստ են աջակցել այն ծրագրերին, որոնք միտված են մեր սերունդների կրթմանն ու դաստիարակմանը:
Մարիա Մուրադյանն իր շնորհակալական խոսքը հայտնեց ծրագրի մասնակիցներին, փաստելով՝ առանց մարզային իշխանության աջակցության նման արդյունք ստանալ հնարավոր չէր լինի: Տիկին Մուրադյանը նաև նշեց, որ անելու են հնարավոր ամեն ինչ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:
Այգում տնկվել են խնձորի, սալորի, դեղձի, տանձի, բալի, նշի ծառեր, ինչպես նաև ազնվամորի, բրոկոլի, լոբի և այլ բանջարաբոստանային մշակաբույսեր: Առաջին պտուղներն արդեն հավաքել ու պահեստավորել են ձմռան համար:
Դպրոցի տնօրեն Ծովինար Թազայանը վստահեցնում է՝ հաջորդ տարիներին աշակերտները ամբողջովին էկոլոգիապես մաքուր մրգերով, բանջարեղենով ու հատապտուղներով կսնվեն:
Այգին պաշտպանելու համար տարածքը ցանկապատվել է, տեղադրվել են նաև հակակարկտային ցանցեր: Տնկիներն ու մշակաբույսերն էլ ապահովել են կաթիլային ոռոգմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00