Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալագրերով պարգևատրվեցին բարերարները
17.09.2021
Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը վերջերս անվանակոչվեց արցախյան 44-օրա պատերազմում զոհված բժիշկ Վահե Մելիքսեթյանի անունով, դպրոցի սաներ հանդիսացող զոհված զինծառայողների անուններով կոչվեցին նաև դասասենյակներ:
Կրթօջախի մի խումբ շրջանավարտներ էլ նախաձեռնություն ցուցաբերեցին և աջակցեցին այդ դասասենյակների վերանորոգմանը:
Բարձր գնահատելով նման աջակցությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրեր հանձնեց Արմեն Հարությունյանին, Հարություն Հարությունյանին, Մհեր Մանուկյանին և Գոռ Միկինյանին:
-Մենք պարտավոր ենք մեծարել և վառ պահել հանուն մեր ապագայի, մեր սերունդների ապագայի նահատակված տղաների հիշատակը և յուրաքանչյուրս մեր չափով ու մեր տեղում անել հնարավոր ամեն ինչ նրանց ընտանիքներին մեր անսահման երախտիքն ու նվիրումը հայտնելու համար,- ասաց Ա. Խաչատրյանը:
Շնորհակալական խոսք հղեցին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Մհեր Մանուկյանն իր հերթին նշեց, որ թեև մարզային իշխանության գնահատանքը պարտավորեցնող է, սակայն արվածը մի փոքր ներդրում է միայն հերոսների հիշատակի համար: