Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեց «Made in Kurtan» արտադրամասը

14.09.2021

«Made in Kurtan». այսուհետ այս բրենդը ճանաչելի է դարձնելու ոչ միայն արտադրվող հագուստը, այլև Ստեփանավանի տարածաշրջանում ծվարած այն փոքրիկ համայնքը, որտեղ արտադրվում է այն:
«Աստղիկ» բարեգործական, հոլանդական «Մենսենքինդերեն» հիմնադրամների, հոլանդացի բարերարների աջակցությամբ՝ հագուստի արտադրության երբեմնի ավանդույթներ ունեցող այս բնակավայրում բացվել է կարի փոքրիկ արտադրամաս, սակայն այն հասցրել է ճանաչելի դառնալ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր անկյուններում և այս ամենը «Աստղիկ» հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի համառ ջանքերի ու նվիրումի շնորհիվ: Արտադրամասում ներկայում աշխատում է 7 կին՝ հնարավորություն ունենալով հոգալու ընտանեկան հոգսերը և սա մեծ աջակցություն է փոքր համայնքի համար:
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի, «Աստղիկ» և «Մենսենքինդերեն» հիմնադրամների ներկայացուցիչների, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվեց արտադրամասը:
Ներկաների կողմից հնչող շնորհակալության ու բարեմաղթանքի խոսքերը առավել քան ջերմ էին և ապագա ծրագրերի մեծ հույսեր էին ներշնչում:
Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից հիմնադրամներին, Նիդերլանդների կառավարությանն ու բարերարներին երախտագիտության խոսքեր հղեց Գոռ Ասրյանը.
-Թվում է՝ սա փոքր, սակայն իրականում մեծ աջակցություն է այս համայնքի համար, և եթե յուրաքանչյուր գյուղական համայնքի նման հնարավորություն կարողանանք ընձեռել, ապա այն հսկայական ներդրում կլինի համայնքի զարգացման համար: ՀՀ կառավարությունը և Լոռու մարզպետարանը պատրաստ են սատարելու և աջակից լինելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին,-ասաց նա:
Դեսպանն իր հերթին նշեց, որ չափազանց հուզված է՝ տեսնելով արտադրամասում աշխատող կանանց ոգևորությունը և այն բարձրորակ արտադրանքը, որը սպառողին կմատուցվի այս փոքրիկ համայնքից:
Մարիամ Անտոնյանն էլ ներկաների հետ կիսվեց իր ապագա ծրագրերով. առայժմ «Made in Kurtan» բրենդի բաճկոնները վաճառվում են Երևանում, սակայն բազմաթիվ մարդկանց խնդրանքով՝ Հայաստանից և արտերկրից, նպատակ կա բրենդային խանութ հիմնելու հենց Կուրթանում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի զարգացնելու նաև զբոսաշրջությունը այս համայնքում: Նպատակ կա նաև առաջիկայում ընդլայնելու արտադրության ծավալները: Կուրթանի արտադրամասը կլինի նաև ուսումնական կենտրոն համայնքի այն երիտասարդների համար, ովքեր կուզեն սովորել դերձակի, տեխնոլոգի և վարպետ-մեխանիկի մասնագիտությունը։
-Կուրթանի հետ կապված մեր ծրագրերը սրանով, սակայն, չեն սահմանափակվի, դրանք շատ են, -իր խոսքում նշեց Մարիամը:
Հյուրերը շրջեցին արտադրամասում, ծանոթացան արտադրվող ողջ տեսականուն: Նրանց համար պարային ելույթներով հանդես եկան համայնքի փոքրիկները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59