Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Ռոբերտ Էմմիյանի անվան չորրորդ միջազգային մրցաշարը
06.09.2021
Վանաձորի Թեթև աթլետիկայի մարզադպրոցում անցկացվեց հայ թեթևատլետ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի անվան արդեն ավանդական դարձած միջազգային մրցաշարի գավաթի խաղարկությունը:
Մրցաշարին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը, օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը, օպերային տենոր Վանո Թադեոն, մարզային իշխանության և մարզաշխարհի ներկայացուցիչներ։
Մարզի ղեկավարը ողջույնի խոսքում շնորհավորեց ներկաներին մրցաշարի կայացման կապակցությամբ։ Ի նշան երախտագիտության և գնահատանքի` նա հուշանվեր հանձնեց անվանի հեռացատկորդին։
֊ Հարգելի պարոն Էմմիյան, Դուք անուրանալի ավանդ ունեք այս սպորտաձևի զարգացման և մեր երկիրը հանրահռչակելու գործում։ Արդեն ավանդական դարձած այս միջոցառումը մեծ նպաստ է բերում մարզում սպորտի առաջընթացին։
Միջոցառման մասնակիցներին իր շնորհակալական խոսքը հայտնեց նաև հեռացատկորդը՝ կարևորելով մարզի ղեկավարի աջակցությունը մրցաշարի կայացման գործում։ Մրցաշարի հատուկ գավաթներ հանձնեց պատվավոր հյուրերին։
Հեռացատկի մրցանակների խաղարկությանը մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից և Հունաստանից։ Առաջին հորիզոնականը գրավեց Ֆրանսիան ներկայացնող Ժյուլ Պոմերին՝ 7մ 67 սմ արդյունքով, երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինայի ներկայացուցիչ Անտոն Կոպիտկոն (7մ 43սմ), երրորդ տեղը՝ հայ աթլետ Գոռ Բեգլարյանը (7մ 34սմ)։
Միջոցառմանը Ռոբերտ Էմմիյանը հայտարարեց, որ շուտով ձեռնամուխ են լինելու հանրապետության բոլոր մարզերում վազքուղիների կառուցմանը։