Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակության հետ քննարկվեցին հետագա գործակցության հեռանկարները
03.09.2021
Վանաձոր-Ռեգեն համագործակցության ութնամյակի կապակցությամբ Լոռու մարզում էր Գերմանիայի Ռեգեն երկրամասի պատվիրակությունը` շրջանի ղեկավար Ռիտա Րորլի գլխավորությամբ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, ՏԿԵ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանի, մարզային և քաղաքային իշխանությունների պատասխանատու պաշտոնյաների հետ հանդիպումը տեղի ունեցավ այսօր՝ նպատակ ունենալով քննարկել ներկա և ապագա համատեղ ծրագրերը, հստակեցնել համագործակցության ուղղություններն ու ռազմավարությունները, արձանագրել ձեռքբերումները:
Վանաձորի և Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի միջև համագործակցությունը ձևավորվել է տարիներ առաջ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ «Լավ Կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի Վանաձոր-Ռեգեն գործընկերության շրջանակներում:
Պատվիրակության անդամներին ողջունեց Լոռու մարզպետը՝ շնորհակալություն հայտնելով երկարամյա համագործակցության և իրականացված բազմաթիվ կարևոր ծրագրերի համար.
-Առաջարկում եմ գործակցել ոչ միայն Վանաձոր քաղաքի մակարդակով, այլև ընդլայնել համագործակցությունը՝ ընդգրկելով նաև մարզի մյուս համայնքները,- ասաց մարզպետ Ա. Խաչատրյանը:
Նա առաջարկեց, որպես գործակցության նոր ուղղություն, դիտարկել նաև զբոսաշրջությունը.
-Մեր հյուրընկալ և չքնաղ մարզը պատրաստ է սիրով ընդունել գերմանացի զբոսաշրջրիկներին տարվա բոլոր եղանակներին,-ասաց նա:
Ռեգենի շրջանի ղեկավար Ռիտա Րորլը, իր հերթին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար, նշեց, որ Վանաձորի հետ իրականացված համատեղ ծրագրերը ՏԻՄ, տեղական տնտեսական զարգացման, աղբահանության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում արդյունավետ ընթացք են ունեցել, այժմ գործակցությունը շարունակվում է նաև նախադպրոցական կրթության ոլորտում.
-Ծրագրերի ավարտը նախատեսվում է 2023 թվականին և շատ կարևոր է, որ մարզային և քաղաքային իշխանությունները կարողանան ապահովել դրանց շարունակականությունը,- ասաց Ռիտա Րորլը:
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն իր ողջույնի խոսքում պատրասատկամություն հայտնեց ակտիվորեն շարունակելու համագործակցությունը:
Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ փոխանակեցին: