Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օձուն համայնքում ընդօրինակելի գյուղացիական տնտեսություններ են գործում. փոխմարզպետը ծանոթացավ իրականացվող աշխատանքներին

03.09.2021

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ համայնքային այցելությունների շրջանակներում այս անգամ եղավ խոշորացված համայնքում՝ այցելելով Այգեհատ բնակավայրում գտնվող Աղասի Զավարյանի և Կարեն Դալլաքյանի տնտեսություններ՝ ծանոթանալու տնտեսվարողների գործունեությանը և գյուղատնտեսության ոլորտում՝ առաջավոր և ընդօրինակելի փորձին։
Աղասի Զավարյանն արդեն 5-րդ տարին է 21.5 հա-ից ավելի հողատարածքում տնկել և մշակում է ընկույզ (20 հա), ծիրան և խնձոր (մոտ 1,5 հա)։ Այգու տարածքում իրականացվում է կաթիլային ոռոգում։
Պետական աջակցության ծրագրերից չի օգտվել, փորձում է տնտեսությունն ընդլայնել սեփական միջոցներով: Այս տարի ևս ձեռք են բերել 9 հա հողատարածք, կառուցել է 10.000 մ3 տարողությամբ ջրավազան։
Աշնանը նախատեսվում է 3000 տնկիների ներկրում Մոլդովայից և նոր այգու հիմնում։
Ընդհանուր առմամբ նախատեսում են 200 հա հողատարածքի մշակություն իրականացնել։
Ներկայումս տնտեսությունն ունի 15 աշխատակից, ովքեր հիմնականում զբաղվում են այգու խնամքով։ Միջշարային տարածքներում իրականացվում է մեխանիզացված փխրեցում։
Հետագայում բերքահավաքը նույնպես նախատեսում են իրականացնել կիսամեխանիզացված տարբերակով։
Մոտ ապագայում նախատեսում են կառուցել 2 արտադրամաս, առաջինը՝ բերքի վերամշակման, երկրորդը՝ պահածոյացման։
Տնտեսվարող Կարեն Դալլաքյանն իր գործունեությունը կազմակերպելու նպատակով օգտվել է <<Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման>> պետական աջակցության ծրագրից, և ձեռք է բերել անձրևացման ոռոգման համակարգ։ Վերջինս նպաստում է տնտեսվարողի կողմից մշակվող մոտ 20 հա (եգիպտացորեն, լոբի, ցորեն) հողատարածքների ոռոգման աշխատանքներին, ինչն ակնհայտ առավելություն ունի ակոսային ոռոգման նկատմամբ։
Տնտեսվարողը նշում է, որ պետական աջակցության ծրագիրը մեծ աջակցություն էր իր տնտեսության համար և այդ աջակցության շնորհիվ առաջիկայում նախատեսում է ընդլայնել մշակովի հողատարածքները:
Գոռ Ասրյանը և ոլորտի պատասխանատուները ողջունեցին տնտեսվարողների գործունեությունը և հույս հայտնեցին, որ նրանց օրինակը վարակիչ կլինի նաև մյուսների համար՝ նշելով, որ Լոռու մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու գյուղացիական տնտեսությունների զարգացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47